Քաղաքականություն
19.10.2026 | 12:04
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մերժել է ներքին գործերի նախարար Լորան Նունյեզի հրաժարականի առաջարկը՝ շաբաթավերջին երկրում տեղի ունեցած լայնածավալ անկարգություններից հետո։ Այս մասին հայտնել է Ելիսեյան պալատը, գրում է Reuters-ը։
Բողոքի ցույցերը հրահրվել են կյանքի թանկացման, հանրային ծառայությունների աշխատանքի վատթարացման, ինչպես նաև դպրոցների վիճակի վերաբերյալ հասարակական դժգոհության պատճառով։
Մակրոնը հայտարարել է, որ Նունյեզը պետք է շարունակի պաշտոնավարել՝ ոստիկանության և անվտանգության ուժերի հրամանատարական շղթայի անխափան աշխատանքն ապահովելու համար։ Ելիսեյան պալատի հաղորդմամբ՝ նախագահը նաև հանձնարարել է Նունյեզին հնարավորինս արագ մշակել նոր մոտեցումներ՝ թալանի դեպքերի դեմ պայքարելու համար։
Նշենք, որ շաբաթ համազգային բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների։ Քաղաքներում բռնի խմբավորումները բախվել են ոստիկանության հետ, հրկիզվել է քաղաքապետարանի շենք, թալանվել են խանութներ, իսկ շենքերի պատերը ծածկվել են գրաֆիտիով։
Կիրակի Փարիզում և Մարսելում նույնպես նոր բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումները միջամտել են՝ կանխելու բիզնեսների տարածքները թալանելու փորձերը։ Բողոքի ակցիաների մասնակիցների հետ բախումների հետևանքով տուժել է իրավապահ մարմինների շուրջ 1000 աշխատակից։
Ներքին գործերի նախարարության՝ հոկտեմբերի 19-ի առավոտյան տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 2400 մարդու։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի