Քաղաքականություն
18.10.2026 | 12:08
Լիտվայի հյուսիսում և կենտրոնում՝ Լատվիայի սահմանին մոտ գտնվող Պանևեժիսի և Շյաուլյայի շրջաններում, օդային տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Պատճառը օդային տարածքում նկատված անհայտ օբյեկտն է եղել, որը շարժվել է դեպի հյուսիս։ Լրատվամիջոցների տվյալներով՝ խոսքը, հավանաբար, անօդաչու թռչող սարքի մասին է։ Այդ կապակցությամբ Պանևեժիսի և Շյաուլյայի շրջանների բնակիչներին կոչ է արվել գնալ ապաստարաններ։ Օդ են բարձրացվել ՆԱՏՕ-ի կործանիչները։
Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնի տվյալներով՝ տեղական ժամանակով ժամը 07:05-ից մինչև 08:00-ն Կաունասի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ օդային տարածքում անհայտ օբյեկտների առկայության պատճառով։
Ավելի ուշ լիտվական Delfi.lt լրատվական կայքը հայտնել է, որ ժամը 07:50-ին Կաունասի և Շյաուլյայի շրջաններում օդային տագնապը չեղարկվել է, իսկ ժամը 08:15-ին՝ նաև Պանևեժիսի շրջանում։ Հրապարակման պահին կասկածելի օբյեկտի հետագա ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ չեն եղել։
Ավելի ուշ Լիտվայի Ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնը հայտնել է, որ հավանաբար անօդաչու թռչող սարքի բեկորներ հանդիսացող մասեր են հայտնաբերվել Պասվալիսի շրջանում՝ Յուոձյոնիս գյուղի մոտ։
Նշվել է, որ ենթադրյալ անօդաչու թռչող սարքը կարող էր այնտեղ հասնել Լեհաստանի կողմից։