Apple-ը, Amazon-ն ու Microsoft-ը մրցում են նվերների ցուցակում

Apple-ը, Amazon-ը և Microsoft-ը մրցում են տոնական օրերին ընդառաջ արհեստական բանականությամբ (ԱԲ) հագեցած նոր սարքերը խանութների դարակներում հայտնաբերելու համար։ Վերջին շաբաթվա ընթացքում երեք ընկերություններն էլ ներկայացրել են նոր մոդելներ, որոնցից յուրաքանչյուրն ուղղված է ԱԲ տեխնոլոգիաները տնային պայմաններում կիրառելի դարձնելուն։

Երեքշաբթի օրը Apple-ը ներկայացրել է 299 դոլար արժողությամբ HomeView խելացի տան կառավարման սարքը: Մոդելն ունի ամրացվող 7 դյույմանոց էկրան և դեմքի ճանաչման համակարգ, որը հարմարեցնում է աշխատանքը ընտանիքի տարբեր անդամների կարիքներին: HomeView-ն աշխատում է Apple-ի վերջին սերնդի չիպերով և օգտագործում է Apple Intelligence համակարգը՝ հաղորդագրությունները, օրացույցի հանդիպումներն ու լուսանկարները ցուցադրելու համար, իսկ արդիականացված Siri ձայնային օգնականը պատասխանում է հարցերին բնական, զրուցային ոճով:

Անալիտիկները դրական են գնահատել HomeView-ի գնային քաղաքականությունը՝ նշելով, որ ընկերությանը հաջողվել է պահպանել մատչելիությունը:

Counterpoint Research ընկերության ԱԲ մասնագետ Մոհիտ Ագրավալը CNBC-ին ուղղված էլեկտրոնային նամակում նշել է, որ սահմանված գինը ռազմավարական փոխզիջում է․ Apple-ն առաջարկում է տնային hub սարքն ավելի էժան, քան ենթադրում են դրա տեխնիկական բնութագրերը:

«Apple-ը գերակայությունը տվել է իր էկոհամակարգի տարածմանը, այլ ոչ թե՝ սարքավորման վաճառքից անմիջական բարձր եկամուտ ստանալուն՝ առաջարկելով տեղական ԱԲ կենտրոն մի գնով, որն ավելի ցածր է, քան տրամաբանորեն պետք է արժենար նման հզոր սարքը», — գրել է Ագրավալը:

Amazon-ի և Microsoft-ի նորարարությունները

Միևնույն ժամանակ, Amazon-ը փոխարինում է իր բյուջետային Fire պլանշետների շարքը Alexa Tablet երեք նոր մոդելներով: Անցյալ շաբաթ ընկերությունը հայտարարեց, որ ձայնային օգնականը դնում է ինչպես ապրանքանիշի, այնպես էլ սարքի կիրառման առանցքում: Օգտատերերը կարող են ակտիվացնել Alexa-ն ձայնով կամ սեղմել «Ask Alexa» (Հարցրու Alexa-ին) կոճակը՝ առաջարկներ ստանալու, հարցեր տալու կամ խելացի տան սարքերը կառավարելու համար:

«On-Screen Intelligence» (Էկրանի ինտելեկտ) կոչվող ֆունկցիան թույլ է տալիս օգնականին վերլուծել էկրանին ցուցադրվող բովանդակությունը և գործողություններ կատարել. օրինակ՝ այն կարող է գնումների ցուցակ կազմել խոհարարական տեսանյութ դիտելիս: Ամենամեծ մոդելը՝ Alexa Tablet 12 Pro-ն, արժե 500 դոլար:

Microsoft-ն այլ մոտեցում է ցուցաբերում՝ ներկայացնելով Nvidia չիպով աշխատող Windows նոթբուք, որի գինը սկսվում է 2,599 դոլարից: Համակարգիչը, որը Microsoft-ը կառուցել է հատուկ ԱԲ չիպի շուրջ, կարող է աշխատեցնել բարդ ԱԲ մոդելներ անմիջապես սարքի վրա՝ առանց հեռավար սերվերներից կախվածություն ունենալու: Microsoft-ը հույս ունի, որ սպառողները պատրաստ կլինեն ավելի շատ վճարել լրացուցիչ հաշվարկային հզորության համար:

Կլինի՞ արդյոք պահանջարկ տոնական օրերին

Տոնական շրջանը սկզբնական պատասխան կտա տեխնոլոգիական ընկերությունների հիմնական հարցին՝ արդյո՞ք արհեստական բանականությունը բավարար է նոր սարքավորում վաճառելու համար: Forrester-ի վերլուծաբան Դիպանջան Չատերջին CNBC-ին տված հարցազրույցում նշել է, որ գնորդները ցանկանում են ավելին իմանալ ԱԲ հնարավորությունների մասին:

«Դեռևս պարզ չէ՝ արդյոք նրանք շահագրգռված են գնելու սարքավորումը հատկապես այն պատճառով, որ դա ԱԲ սարք է», — ընդգծել է Չատերջին:

Չնայած տնտեսական մտահոգություններին՝ սպառողների տոնական բյուջեներում դեռ տեղ կա: McKinsey-ի՝ օգոստոսին հրապարակված հարցման համաձայն՝ ԱՄՆ-ում հարցվածների 47%-ը ծրագրել է ծախսել մոտավորապես նույնքան, որքան նախորդ տոնական շրջանում, իսկ 23%-ն ակնկալում է ծախսել ավելին:

Bain-ի սեպտեմբերյան կանխատեսմամբ՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ում մանրածախ վաճառքի ծավալները կաճեն 4.5%-ով՝ առաջին անգամ գերազանցելով 1 տրիլիոն դոլարի շեմը: Այնուամենայնիվ, այդ աճի ավելի քան կեսը պայմանավորված կլինի ապրանքների գների բարձրացմամբ:

Leave a comment