ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում հանքարդյունաբերությունն է

Հայաստանի տնտեսության լոկոմոտիվը արդեն իսկ հանքարդյունաբերությունն է, իսկ ապագայում էլ ավելի կդառնա, այս մասին Mining Forum Armenia 2026-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց «ԶՊՄԿ»-ի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին։

«Ասոցիացիան արդեն երրորդ տարին է, ինչ անցկացնում է այս ֆորումը: Սա երկրում ամենաներկայացուցչական հարթակն է՝ տարբեր կողմերի նախ և առաջ կառավարության ու ընդերքօգտագործողների, ինչպես նաև սպասարկող կազմակերպությունների, մատակարարների և լաբորատորիաների միջև երկխոսության համար:

Շատ երկար ժամանակ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտին գրեթե ուշադրություն չէր դարձվում։ Միայն վերջին 5-8 տարիների ընթացքում ենք սկսել զգալ, որ կառավարությունն ու պետությունը բոլորովին այլ կերպ են սկսել վերաբերվել և լսել մեզ։

Ֆորումում հնչել են թվեր, որ բազմապատկվող էֆեկտը հաշվի առնելով՝ արդեն 2027 թվականին ոլորտը կարող է զբաղեցնել ՀՆԱ-ի մոտ 10-11%-ը: Մենք պատրաստ ենք ավելացնել այդ ցուցանիշները:

Բոլոր խնդիրներն էլ կարևոր են. սկսենք երկրաբանությունից: Առանց որոնողական երկրաբանության և հանքահումքային բազայի վերարտադրության՝ հնարավոր չէ հետագա զարգացումը. սա հիմքերի հիմքն է։

Այս խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է բոլորովին այլ մոտեցում որոնողական արտոնագրերի նկատմամբ, նոր օրենքներ, որոնցից զատ պահանջվում են նաև որոշակի երաշխիքներ և ներդրողների հետ այլ հարաբերություններ:

Բնապահպանական հարցերը և կայուն զարգացման խնդիրները չի կարելի առանձնացնել մյուսներից. սա բարդ համալիր խնդիր է, որը պետք է լուծել միայն համալիր կերպով: Դա է պատճառը, որ ներկայացվածությունն այսքան լայն է, որպեսզի տարբեր մասնագետներ և ուղղություններ լսեն միմյանց, և շարժումը դեպի առաջ սկսվի»,- նշեց Խուդոլին։

Leave a comment