ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գրեգորի Միքսը հոկտեմբերի 16-ին ներկայացրել է Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների համատեղ պատրաստած «Ռուսաստանի հետ կոռուպցիոն նավթային գործարքների արգելման մասին» օրինագիծը։ Փաստաթղթի նպատակն է արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ռուսական դիզելային վառելիքի գնման և ներմուծման վերաբերյալ պայմանավորվածությունը։
Օրինագիծը նախատեսում է արգելել ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (DFC) ներդրումներ կատարել ռուսական էներգակիրներում, չեղարկել ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության (OFAC) կողմից տրված ընդհանուր լիցենզիան և արգելել հետագայում նմանօրինակ լիցենզիաների տրամադրումը։ Բացի այդ, այն Թրամփի վարչակազմին լիազորում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։ Կոնգրեսական Գրեգորի Միքսի հայտարարությամբ՝ այս գործարքը չի նվազեցնի ամերիկացիների ծախսերը, որոնք առաջացել են Թրամփի որոշմամբ Իրանում սկսված ձախողված պատերազմի պատճառով, այլ միայն Պուտինին միլիոնավոր դոլարներ կտա՝ ուկրաինացի խաղաղ բնակչության սպանդը շարունակելու համար։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտնել էր Պուտինի հետ «չափազանց հաջող» հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում համաձայնեցվել էին ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները ամերիկյան և համաշխարհային շուկաներ։ Ըստ Թրամփի՝ ռուսական ընկերությունները պետք է անմիջապես մատակարարեին ավելի քան 300 հազար տոննա վառելիք, նոյեմբերին՝ ևս 500 հազար տոննա, դրանից հետո՝ 1 միլիոն տոննա, իսկ հետագայում՝ նաև 3 միլիոն տոննա։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր ընդհանուր լիցենզիա, որով մինչև 2027 թվականի ապրիլ կասեցվում էր պատժամիջոցների գործողությունը, իսկ հոկտեմբերի 12-ին «Վեստի» հաղորդումը տեղեկացրել էր Սանկտ Պետերբուրգից դեպի ԱՄՆ արևելյան ափ վառելիքի առաջին խմբաքանակի ուղևորման մասին։ Թրամփի համոզմամբ՝ սա կօգնի նվազեցնել վառելիքի գները, որոնք կտրուկ բարձրացել էին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով։