Աշխարհահռչակ դերասան և բնապահպան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Երևանում մեկնարկած միջազգային նախաձեռնությանը, որի նպատակն է պահպանել և վերականգնել անհետացման վտանգի տակ գտնվող կենդանատեսակները։
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը տեղեկացրել է, որ Երևանը դարձել է կենսաբազմազանության պահպանությանն ուղղված նոր միջազգային նախաձեռնության մեկնարկի վայր։ Ծրագրով նախատեսվել է 500 միլիոն ԱՄՆ դոլարի նախնական ֆինանսական հանձնառություն՝ 30 երկրում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող կամ վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնման նպատակով, գրում է Factor.am-ը:
«Այսօր Երևանում՝ COP17-ին ընդառաջ, Կոլումբիայի հետ համատեղ պաշտոնապես մեկնարկել ենք Վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված գործողությունների կոալիցիան (CARES), որին հիմնադիր մասնակիցների կարգավիճակով միացել են աշխարհի 16 երկիր։
Նախաձեռնությանը հրապարակայնորեն աջակցել է նաև աշխարհահռչակ դերասան, բնապահպան և Re:wild կազմակերպության հիմնադիր Լեոնարդո Դի Կապրիոն՝ բարձր գնահատելով հանձնառությունը՝ անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման ուղղությամբ չափելի արդյունքներ ապահովելու հարցում։
Կարևոր է նաև Bezos Earth Fund-ի ներգրավվածությունը տեսակների պահպանության միջազգային ջանքերում։ Հիմնադրամը Re:wild-ի հետ համատեղ իրականացվող Phoenix Species Project նախաձեռնության շրջանակում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի հանձնառությամբ աջակցում է 30 երկրում անհետացման ծայրահեղ վտանգի տակ գտնվող և վայրի բնության մեջ արդեն անհետացած 100 տեսակների վերականգնմանը։
Այս ամենը վկայում է, որ Երևանում ձևավորվող միջազգային համագործակցությունը միավորում է պետություններին, գիտական հանրությանը, բնապահպանական կազմակերպություններին և բարեգործական հիմնադրամներին։ Հայաստանը դառնում է ոչ միայն կենսաբազմազանության պահպանության համաշխարհային քննարկումների հարթակ, այլև միջազգային նոր նախաձեռնությունների ձևավորման և գործնական համագործակցության կենտրոն»,-նշել է նա։
2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: