Յոհանես Կլեբոյի 8-րդ օլիմպիական ոսկին ու Միքայել Միքայելյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում ընթացող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարն ավարտեց նաև դահուկորդ Միքայել Միքայելյանը։

Դահուկավազքի տղամարդկանց 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում Հայաստանի ներկայացուցիչը 23 րոպե 06.4 վայրկյան արդյունքով գրավեց 53-րդ տեղը։ Մրցմանը մասնակցեց 112 դահուկորդ։

Ոսկե մեդալին արժանացավ նորվեգացի Յոհանես Կլեբոն, որը գրանցեց 20։36․2 արդյունք ու դարձավ 8-ակի օլիմպիական չեմպիոն։ Արծաթե մեդալակիր դարձավ ֆրանսիացի Մատիս Դելոժը (+4,9), լավագույն եռյակը եզրափակեց նորվեգացի Էյնար Հեդեգարտը (+14,0):

Այս մրցաձևի կանանց պայքարին մասնակցել էր Հայաստանի ներկայացուցիչ Կատյա Գալստյանը, որը գրավել էր 82-րդը տեղը։

Միքայել Միքայելյանը փետրվարի 8-ին հանդես էր եկել նաև 20 կմ սկիաթլոն (10 կմ դասական/10 կմ ազատ ոճ) մրցաձևում, գրանցել էր 51:06.8 արդյունք ու զբաղեցրել 48-րդ տեղը։

Ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հանդես կգա լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, որը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին։

Գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը սպորտային զույգերի կարճ ծրագրի որակավորման փուլում ելույթ կունենան փետրվարի 15-ին: Ազատ ծրագիրը նախատեսված է փետրվարի 16-ին:

Leave a comment