«Քանի որ ինչպես կենդանիները, բնությունը, այնպես էլ մենք ունենք ընդհանուր գետեր, որոնք մի երկրի տարածքում սկսվում են ու շարունակվում մյուս երկիր, ապա այս առումով շրջակա միջավայրն ու կենսաբազմազանությունը երկրների համար ընդհանուր շահերի և փոխշահավետ համագործակցության դաշտ է ստեղծում»,– նշեց նա։
Փաշինյանի խոսքով` մյուս հարևանի` Թուրքիայի հետ, Հայաստանն այս պահին չունի դիվանագիտական հարաբերություններ, սակայն կա շատ դրական երկխոսություն։
«Ես համոզված եմ, որ առաջիկայում մենք այստեղ պատմական փոփոխությունների կհասնենք։ Ի դեպ, Թուրքիայի հետ անդրսահմանային համագործակցության ավելի հարուստ պատմություն ունենք, քանի որ սահմանային ջրամբար ունենք դեռ ԽՍՀՄ տարիներից կառուցված»,– տեղեկացրեց վարչապետը։
Ըստ նրա` խաղաղությունը և կենսաբազմազանությունը շատ մեծ նշանակություն ունեն թե՛ ներքին, թե՛ անդրսահմանային իմաստներով։
«Սահմաններին պաշտպանական և ամրաշինական կառույցների, ըստ էության, անվերահսկելի, չպլանավորված կառուցումը, բնականաբար, խնդիրներ է առաջացնում կենսաբազմազանության տեսանկյունից, քանի որ բնական միջավայրը փոխվում է, անգամ անտառներ են հատվում։ Շատ անսպասելի կարող է թվալ, սակայն հակամարտության գոտիներում, սովորաբար, լինում են ականապատ տարածքներ, և բազմաթիվ կենդանիներ ուղղակի պայթում են այդ տարածքների վրա, քանի որ այդ տարածքները շատ հաճախ գտնվում են նրանց միգրացիոն ճանապարհների վրա»,– նշեց նա։
Ըստ վարչապետի` ցավոք, այդ վնասը չափելի չէ և չի հաշվառվում` այդպիսով դառնալով անվերահսկելի։ Արդյունքում, ինչ–որ մի պահի արձանագրում ենք, որ կենդանիների որոշ տեսակներ, բնության որոշակի հատվածներ ուղղակի ոչնչացվել են։
Հիշեցնենք, որ Երևանում մեկնարկել են ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում անցկացվող միջոցառումները։
Միջազգային խոշոր միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ։
Համաժողովին մասնակցելու հրավերներ են ուղարկվել Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի անդամ բոլոր 196 երկրներին։ Առաջին դեմքերի մակարդակով Հայաստան են ժամանել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, Զանզիբարի նախագահ Հուսեյն Ալի Մվինյին, Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրին։