2027 թվականից հետո Ուկրաինայի համար այլևս հնարավոր չի լինի Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքել հակամարտությունը կարգավորելու նպատակով, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Եթե ուկրաինացիները այս տարի չձգտեն խաղաղ կարգավորման, ապա հաջորդ տարի դա էլ ավելի կդժվարանա, իսկ ի վերջո՝ անհնար կդառնա», — ասել է Լուկաշենկոն։
Բելառուսի նախագահն ընդգծել է, որ թե՛ Ուկրաինան, թե՛ Ռուսաստանը շահագրգռված են հակամարտության ավարտով։ «Եվ այդ խաղաղությունը կհաստատվի. եթե ոչ այս տարի, ապա՝ հաջորդ։ Ես բացարձակապես համոզված եմ դրանում», — ասել է նա։
Ալեքսանդր Լուկաշենկոն նաև անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե Ուկրաինայում իշխանափոխության անհրաժեշտություն կա։ «Դուք ինձնից պատասխան եք ուզում որպես քաղաքական գործչի՞, թե՞ պատասխան ըստ հարցի էության։ Եթե խոսենք էության մասին (և սա իմ անձնական համոզմունքն է), ապա դա Թրամփի որոշելիք հարցը չէ։ Ուկրաինայի ժողովուրդն է որոշելու, թե ով կլինի Ուկրաինայի նախագահը», — ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն։