Գերմանիան մտադիր է հարյուրավոր միլիոն եվրոներ ներդնել Nvidia-ի հետ համատեղ նախագծում

Գերմանիայի կառավարությունը նախատեսում է արհեստական բանականության (ԱԲ)՝ երկրի արդյունաբերական ոլորտում ներդրման ուղղությամբ համագործակցության լայնածավալ համաձայնագիր կնքել ամերիկյան Nvidia տեխնոլոգիական ընկերության հետ։ Այս մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնում է Handelsblatt թերթը։

Պարբերականի տվյալներով՝ նախաձեռնությունն ունի երկու հիմնական նպատակ՝ հիմքեր ստեղծել, այսպես կոչված, ֆիզիկական արհեստական բանականության կիրառման համար, որն անհրաժեշտ է ռոբոտաշինության և անօդաչու տրանսպորտի ուսուցման համար, ինչպես նաև մշակել և ուսուցանել արդյունաբերական ԱԲ մոդելներ, որոնք մրցունակ կլինեն միջազգային շուկայում։ Թերթի աղբյուրների փոխանցմամբ՝ Գերմանիայի կառավարությունը պատրաստ է նախագծի իրականացման համար հատկացնել «մի քանի հարյուր միլիոն եվրո»։ Այդ միջոցները նախատեսվում է ուղղել հաշվողական հզորությունների ձեռքբերմանը և հիմնարար մոդելների ուսուցմանը։

Իր հերթին, Nvidia կորպորացիան մտադիր է նախագծում ներգրավելու համար տրամադրել ինժեներների թիմ։

Ակնկալվում է, որ նախաձեռնությանը կմիանան գերմանական շուրջ 12 առաջատար ընկերություններ, այդ թվում՝ Siemens և Audi կոնցեռնները, ինչպես նաև Black Forest Labs ստարտափը։ Գործընկերության մասին պաշտոնական հայտարարությունը նախատեսվում է անել հաջորդ շաբաթ՝ Բեռլինում կայանալիք Invest in Germany ներդրումային գագաթնաժողովի շրջանակում։ Ըստ առկա տեղեկությունների՝ հոկտեմբերի 19-ին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կհանդիպի Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգի հետ, որից հետո բանակցություններին կմիանա գերմանական Mercedes-Benz ավտոկոնցեռնի ղեկավար Օլա Կելենիուսը։

Նախագիծը կիրականացվի 2025 թվականի սեպտեմբերին ստեղծված Soofi (Sovereign Open Source Foundation Models) կոնսորցիումի հենքի վրա, որի կազմում ընդգրկված են Գերմանիայի համալսարաններ, գիտահետազոտական ինստիտուտներ և արհեստական բանականության ոլորտի ստարտափներ։ Ավելի վաղ Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունն արդեն 20 մլն եվրո էր հատկացրել այս կոնսորցիումին աջակցելու համար։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

Leave a comment