Ղազախստանը պատրաստ է համագործակցել Հայաստանի հետ. Տոկաև

Հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացվող COP17 համաժողովի «Կենսաբազմազանության առաջնորդների» գագաթնաժողովի ընթացքում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է Հայաստանի հետ ակտիվ համագործակցելու պատրաստակամության մասին։ Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին համաժողովի բարձր մակարդակով կազմակերպման և ջերմ ընդունելության համար։

Ինչու է դա կարևոր. Տոկաևը շեշտել է, որ COP17-ի շրջանակներում անհրաժեշտ է հայտարարություններից անցնել իրական արդյունքների՝ ընդգծելով, որ բնապահպանական օրակարգը պետք է վեր լինի քաղաքական տարաձայնություններից: Նա նաև ահազանգել է Կասպից ծովի էկոլոգիական ճգնաժամի և կասպիական փոկերի անհետացման սպառնալիքի մասին:

Գագաթնաժողովում Տոկաևի ելույթի առանցքային թեմաները.

  • Գլոբալ պատասխանատվություն. Ղազախստանի նախագահի խոսքով՝ կենսաբազմազանության պահպանումը մարդկության բարեկեցության, տնտեսական կայունության և քաղաքակրթության գոյատևման հիմքն է։ ՄԱԿ-ը պետք է շարունակի մնալ այս հավաքական ջանքերի կենտրոնում:

  • Անդրսահմանային մարտահրավերներ. Ջրի պակասն ու հողերի դեգրադացիան դուրս են գալիս ազգային սահմաններից՝ սպառնալով գլոբալ կայունությանը: Անհրաժեշտ է անկեղծ, անաչառ և շոշափելի միջազգային համագործակցություն:

  • Կասպից ծովի և կասպիական փոկերի ճգնաժամը.

    • Վերջին հարյուրամյակի ընթացքում Կասպից ծովում փոկերի պոպուլյացիան 1 միլիոնից նվազել է մինչև 270 հազարի (տեսակը ներառված է Ղազախստանի Կարմիր գրքում):

    • Տոկաևը կոչ է արել մերձկասպյան բոլոր 5 պետություններին և միջազգային հանրությանը միավորել ջանքերը՝ կանխելու անդառնալի վնասը։

    • «Արալյան ծովի ողբերգությունը խիստ հիշեցում է բնության անխոհեմ շահագործման հետևանքների մասին։ Մենք չպետք է թույլ տանք, որ Կասպից ծովն արժանանա նույն ճակատագրին», — ընդգծել է նա։

Leave a comment