Չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու․ ՆԳ նախարարը՝ Սամվել Կարապետյանի մասին

ՆԳ նախարարը մեկնաբանել է Սամվել Կարապետյանի շուրջ քննարկումները


ԵՐԵՎԱՆ, 13 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Սահմանադրական տարբեր պաշտոնների և վարչապետի պաշտոնի դեպքում ես ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել ՀՀ վարչապետի թեկնածու:


Այս մասին այսօր ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի շուրջ քննարկումներին, քանի որ Կարապետյանը երկքաղաքացի է և և գործող օրենսդրությամբ չի կարող զբաղեցնել վարչապետի պաշտոնը։ 


Արփինե Սարգսյանը նշել է, որ քաղաքացիության ինստիտուտը Հայաստանում ներկայումս «դեֆորմացված» է, և պրակտիկայում տեսանելի է հենց այսպիսի դեֆորմացիաների արդյունքը: 


«Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն Հայաստանն է», – նշել է նախարարը: 


Սարգսյանի խոսքով՝ քաղաքացիություն ստանձնելով՝ անձը երդվում է հավատարիմ լինել տվյալ պետությանը, և մի քանի երկրների քաղաքացի լինելով՝ դժվար է պատկերացնել, թե որ երկրի կենսական շահերին նախապատվություն կտրվի: 


«ՀՀ-ի դեպքում վարչապետ և վարչապետի թեկնածու պիտի լինի միայն այն անձը, ում շահերի կենտրոնը միայն Հայաստանն է, այսինքն՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող անձի մասին եմ խոսում», – ասել է նախարարը: 


Անդրադառնալով իրավական տարբեր մեկնաբանություններին՝ Սարգսյանը կոչ է արել մնալ իրականության սահմաններում։ 


«Փաստորեն, ստեղծագործ շառավղով միտք ունենալ հնարավոր է նաև իրավաբանության մեջ, բայց կհորդորեմ բոլորիս, որ իրատեսականության զգացողությունը չկորցնենք»,- ընդգծել է ՆԳ նախարարը։

Leave a comment