ԱՄՆ Օրեգոն նահանգի Բենդ քաղաքում ողբերգական դեպք է արձանագրվել․ 16-ամյա դեռահասը զինված ներխուժել է տեղի տարրական դպրոցներից մեկը և կրակ բացել ներսում գտնվողների ուղղությամբ։ Հարձակման հետևանքով տեղում զոհվել են 5, 8 և 11 տարեկան երեք երեխա, ինչպես նաև դպրոցի ուսուցիչներից մեկը։
Ոստիկանության տվյալներով՝ չարագործը շենք է մտել՝ հրազենային կրակոցներով փշրելով փակ դռները։ Դեպքի վայրում գտնվող ականատեսներից մեկը, նկատելով հարձակվողին, հետապնդել է նրան դպրոցի միջանցքներում և կրակոցով վնասազերծել։ Ահազանգից րոպեներ անց դեպքի վայր հասած իրավապահները կասկածյալին հայտնաբերել են արդեն մահացած։
Հրաձգության հետևանքով ծանր վիրավորում են ստացել ևս երկու անձ՝ 7-ամյա մի աշակերտ և 54-ամյա ուսուցիչ։ Նրանք ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Տեղի իրավապահ մարմիններն այժմ հետաքննություն են իրականացնում՝ պարզելու հարձակման դրդապատճառները, ինչպես նաև այն, թե ինչպես է 16-ամյա դեռահասի ձեռքն ընկել հարձակման ժամանակ կիրառված երկարափող զենքը։