Փաշինյանն ու Մուշիկիվաբոն քննարկել են ՀՀ և ՖՄԿ-ի համագործակցության օրակարգը, Երևանում կայանալիք խաղերը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ՝ քննարկելով երկկողմ համագործակցությանն ու առաջիկա միջազգային միջոցառումներին առնչվող հարցեր։

Փաշինյանը ողջունել է Լուիզ Մուշիկիվաբոյի այցը Հայաստան և նրա մասնակցությունը Երևանում կազմակերպվող COP17 միջազգային համաժողովին։

Վարչապետն ընդգծել է, որ համաժողովի անցկացումը Հայաստանի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող իրադարձություն է։ Նրա ներկայացմամբ՝ կառավարությունը մեծ պատասխանատվությամբ է մոտեցել միջազգային այս խոշոր միջոցառման նախապատրաստական աշխատանքներին՝ կարևորելով դրա պատշաճ կազմակերպումը։

Հանդիպման ընթացքում Փաշինյանն անդրադարձել է նաև Հարավային Կովկասում ընթացող զարգացումներին։ Նա նշել է, որ տարածաշրջանում էական փոփոխություններ են տեղի ունենում, որոնց արդյունքում նոր հնարավորություններ են ստեղծվել երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման համար։

Կառավարության ղեկավարը միաժամանակ կարևորել է Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև ձևավորված գործընկերային հարաբերությունները։ Փաշինյանը բարձր է գնահատել կազմակերպության կողմից Հայաստանին շարունակաբար ցուցաբերվող աջակցությունը՝ ընդգծելով համագործակցության նշանակությունը։

Իր հերթին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ևս կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը։ Նա վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ հետագայում ևս աջակցելու Հայաստանին։

Մուշիկիվաբոն դրական է գնահատել նաև COP17 համաժողովը Երևանում անցկացնելու նախաձեռնությունը։ Նրա համոզմամբ՝ միջազգային այս միջոցառումը կնպաստի Հայաստանի ճանաչելիության ընդլայնմանը և երկրի նկատմամբ միջազգային հետաքրքրության մեծացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև 2027 թվականին Հայաստանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին։ Կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է այդ միջոցառման կարևորությունը՝ նշելով, որ այն տարբեր պետությունների երիտասարդներին հնարավորություն կտա այցելելու Հայաստան, ծանոթանալու երկրին և նոր կապեր հաստատելու։

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանն ու Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են մարզամշակութային խաղերի կազմակերպման ուղղությամբ ընթացող նախապատրաստական աշխատանքները և դրանց առնչվող հարցերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հերթական գագաթնաժողովի վերաբերյալ, որի անցկացումը նախատեսված է նոյեմբերին՝ Կամբոջայում։

2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում:

Leave a comment