Երևանում 6 տարեկան երեխայի մահվան դեպքով քրգործ է հարուցվել․ վարորդը ձերբակալվել է

Երևանի Մոլդովական փողոցում 6 տարեկան երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, «Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հոկտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ Մոլդովական փողոցում ինքնագլորի և ավտոմեքենայի բախման հետևանքով 6 տարեկան տղա է մահացել. «Lexus»-ի վարորդը տղային ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն բժիշկներին չէր հաջողվել փրկել երեխայի կյանքը։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։ 1 անձ ձերբակալվել է»,– տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Leave a comment