Քաղաքականություն
15.10.2026 | 10:09
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին։
«Շնորհակալություն իմ ընկերոջը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, այսօր Բաքվում ջերմ ընդունելության համար։ Ձեր ղեկավարությամբ Ադրբեջանը մեր տարածաշրջանում խորապես հարգված, վստահելի և ազդեցիկ ձայն է»,- բանակցությունների ավարտից հետո X-ի իր միկրոբլոգում գրել է Հերցոգը։
Նա նշել է, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև գերազանց հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, ընդհանուր շահերի և ժողովուրդների միջև առկա խորը պատմական կապերի վրա։
«Այսօրվա հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք, թե ինչպես կարելի է է՛լ ավելի խորացնել մեր ռազմավարական հարաբերությունները տարբեր ոլորտներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների։ Մենք նաև քննարկեցինք տարածաշրջանային վերջին զարգացումները և մեր տարածաշրջանում կայունության ու անվտանգության հարցում ընդհանուր հանձնառությունը»,- հավելել է Հերցոգը։
Նշենք, որ Հերցոգը Բաքվում մասնակցելու է Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության 7-րդ գագաթնաժողովին։
Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ Ալիևի հետ հանդիպմանը Իսրայելի նախագահը բարձր է գնահատել Ադրբեջանի նախագահության շրջանում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցների խորհրդակցության շրջանակում իրականացված աշխատանքը, որն ուղղված էր գործնական համագործակցության ընդլայնմանը և վստահության ամրապնդման միջոցառումների զարգացմանը։
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի