Հոկտեմբերի 14-ին Սահմանադրական դատարանում անցկացվել է աշխատակարգային նիստ, որի օրակարգի հիմնական հարցը եղել է դատարանի նախագահի ընտրությունը։ Նիստի արդյունքում նախագահ չի ընտրվել․ կանցկացվի նոր ընտրություն:
Նիստի ընթացքում ՍԴ նախագահի պաշտոնում առաջադրվել էր դատավոր Էդգար Շաթիրյանի թեկնածությունը։ Միաժամանակ Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանն առաջադրել է սեփական թեկնածությունը, հայտնում է Արմենպրեսը:
Անցկացված գաղտնի քվեարկության արդյունքում երկու թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել պաշտոնում ընտրվելու համար օրենքով պահանջվող կողմ ձայների քանակը։ Դրանից հետո, օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգի համաձայն, կազմակերպվել է Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության երկրորդ փուլը։ Սակայն կրկնակի քվեարկությունը ևս չի ապահովել անհրաժեշտ արդյունքը․ թեկնածուներից ոչ մեկը կրկին չի ստացել ընտրվելու համար բավարար թվով կողմ ձայներ։ ՍԴ նախագահի ընտրությունը համարվել է չկայացած, և սահմանված կարգով կկազմակերպվի նոր ընտրություն։
Հոկտեմբերի 12-ին լրացել է ՍԴ-ի նախագահի պաշտոնում Արման Դիլանյանի պաշտոնավարման 6-ամյա ժամկետը։ Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր ևս 4 տարի: Բայց նորից առաջադրվելու իրավունք չունի: