NATO-ի նավատորմին ծառայություններ մատուցող ընկերությունը կասկածվում է 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ

Քաղաքականություն

15.10.2026 | 00:05

ՆԱՏՕ-ի ռազմական նավերին ծառայություններ մատուցող ընկերության դեմ իրականացվող անդրսահմանային հետաքննության շրջանակներում այսօր Նորվեգիայում ձերբակալվել է հինգ մարդ, իսկ Ռումինիայում և Գերմանիայում իրականացվել են խուզարկություններ։

Ընկերությունը կասկածվում է կաշառակերության և ավելի քան 1 միլիոն եվրոյի խարդախության մեջ։ Այս մասին հայտնել է Եվրոպական միության արդարադատության ոլորտում համագործակցության գործակալությունը (Eurojust)` ընկերության անունը չնշելով։

Ըստ Eurojust-ի՝ հետաքննության թիրախում է հայտնվել մի ընկերություն և նրա ենթակապալառուները, որոնք, ենթադրաբար, կեղծ հաշիվ-ապրանքագրեր են ներկայացրել ՆԱՏՕ-ի Աջակցության և գնումների գործակալությանը (NSPA): Խարդախությունը վերաբերել է Հյուսիս-Արևմտյան Եվրոպայի նավահանգիստներ այցելող NATO-ի ռազմական նավերին տրամադրված նավահանգստային ու ցամաքային սպասարկման ծառայություններին:

«Գնահատվում է, որ NATO-ի անդամ երկրների ընդհանուր վնասը գերազանցում է 1 միլիոն եվրոն, իսկ խարդախության հստակ չափը դեռևս հետաքննվում է», – նշված է Eurojust-ի հայտարարության մեջ:

Գործակալությունը հավելել է, որ ընկերությունը կասկածվում է նաև միջնորդի միջոցով օտարերկրյա պաշտոնատար անձանց կաշառելու մեջ՝ NSPA-ի հետ պայմանագրային հարաբերություններում նախապատվություն ստանալու նպատակով: Քանի որ քննությունը ընթացքի մեջ է, Eurojust-ն այլ մանրամասներ այս փուլում չի հաղորդում։

Ավելացնենք, որ հետաքննությունը մեկնարկել է 2025 թվականի ապրիլին, երբ NSPA-ն բացահայտել է կեղծ հաշիվ-ապրանքագրերը, իսկ նույն թվականի հուլիսին ձևավորվել է միջազգային համատեղ քննչական խումբը։

Կարինե Ասատրյան

Leave a comment