Ամերիկացի հայտնի ռեփեր և երաժշտական պրոդյուսեր Շոն Քոմբսը, որն առավել հայտնի է Դիդի (Diddy) բեմական անունով, Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Դիքս դաշնային բանտում ծեծկռտուքի հետևանքով գլխի վնասվածք է ստացել։
Ինչպես հայտնել է «TMZ» պարբերականը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին։
Ռեփերը բախվել է ճամայկացի հայտնի նարկոբարոն Քրիստոֆեր Քոքի հետ, որը հայտնի է «Դուդուս» մականունով։ Վերջինս 2012 թվականից կրում է 23 տարվա ազատազրկման պատիժ։
TMZ-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ծեծկռտուքի պատճառը բանտարկյալների դժգոհությունն է եղել Դիդիի նկատմամբ։ Ավելի վաղ NBC News-ը հրապարակել էր նյութ ռեփերի՝ բանտում ունեցած ենթադրյալ արտոնությունների և հարմարավետ պայմանների մասին։ Դրանից հետո բանտի ղեկավարությունը մի շարք ստուգումներ է իրականացրել՝ առգրավելով բանտարկյալների մոտ հայտնաբերված արգելված իրերը, այդ թվում՝ բջջային հեռախոսներ։
Հիշեցնենք՝ 56-ամյա Շոն Քոմբսը 2025 թվականին դատապարտվել է 50 ամսվա ազատազրկման՝ մարմնավաճառությամբ զբաղվելու նպատակով անձանց տեղափոխման հետ կապված մեղադրանքներով։