ԱԳՄԱ-ն չի հստակեցնում՝ Թուրքիան և Ադրբեջանը կմասնակցե՞ն COP-17–ին (PAN.am)

COP 17-ը կմեկնարկի հոկտեմբերի 15-ին, սակայն ՀՀ արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի հստակեցնում՝ Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կգա՞ն Երևան՝ մասնակցելու համաժողովին, թե՞ ոչ։ ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ասուլիսի ընթացքում հարցին ուղիղ պատասխան չի տվել, հայտնում է Sputnik Արմենիան:

«Առաջնորդների գագաթնաժողովին կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ գրանցված է 50-ից ավելի բարձր մակարդակի մասնակցություն: Այս պահին, երևի թե, հաշվի առնելով նաև միջազգային հարաբերություններում առկա մոտեցումները, ձեռնպահ կմնամ կոնկրետ երկրների անուններ նշելուց, քանի որ ընդունված պրակտիկայի համաձայն՝ տվյալ երկրներն են սովորաբար ներկայացնում իրենց մասնակցության վերաբերյալ տվյալները: Օրինակ՝ կարող եմ հաստատել, որ մասնակցելու է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը»,- ասել է նա։

Միևնույն ժամանակ փոխնախարարը հորդորել է սպասել՝ հավելելով, որ պետությունների մասնակցության վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ։

Ռոբերտ Աբիսողոմոնյանն նույնաբովանդակ պատասխան էր տվել նաև ԱԺ–ում ու չէր պատասխանել հարցին։

Հոկտեմբերի 15-ին COP17 կենսաբազմազանության համաժողովին մասնակցելու համար Երևան կայցելի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և կհանդիպի վարչապետ Փաշինյանի ու նախագահ Խաչատուրյանի հետ։

ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը (COP17) կանցկացվի Երևանում 2026 թվականի հոկտեմբերի 19-30-ը։ Համաժողովը կհյուրընկալվի «Մերիդիան» էքսպո կենտրոնում և կմիավորի հարյուրավոր պատվիրակությունների աշխարհի տարբեր երկրներից։

Leave a comment