Բելոզյորով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ի կոնցեսիայի պահպանման հարց դրված չէր

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարման հետագա պահպանման հարցը Հայաստանի ներկայացուցիչների հետ բանակցությունների օրակարգում չի եղել։ Այդ մասին հայտնել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովը՝ ` անդրադառնալով հարցին` արդյոք Ռուսաստանը կպահպանի երկաթուղու կոնցեսիոն կառավարումը, հայտնում է Sputnik Արմենիան:

«Պահպանման կամ չպահպանման հետ կապված հարցեր չկային։ Մենք քննարկել ենք կոնցեսիոն համաձայնագրի կատարումը, այն իրականացվում է, և պայմանավորվել ենք միասին աշխատել»,– նշել է Բելոզյորովը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովի հետ քննարկել է հայկական երկաթուղիների զարգացման և կառավարման խնդիրները։ Կողմերը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել՝ ձևակերպված խնդիրները սահմանված սեղմ ժամանակահատվածում քննարկելու, հնարավոր լուծումները գտնելու և հետագա քայլերը հստակեցնելու նպատակով:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ անդրադարձել է երկրի երկաթուղային համակարգի տարանցիկ հնարավորությունների օգտագործման անհրաժեշտությանը։ Նրա ներկայացմամբ՝ միջազգային բիզնեսի ներկայացուցիչները չեն ցանկանում համագործակցել ռուսական ընկերության հետ, քանի որ այն «տոքսիկ են համարում»։

Որպես խնդրի լուծման տարբերակ՝ Փաշինյանն առաջարկել է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքը փոխանցել երրորդ կողմի, որն ընդունելի կլինի և՛ Երևանի, և՛ Մոսկվայի համար։ Ռուսաստանի տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը հայտնել է, որ Մոսկվան Ղազախստանի հետ բանակցություններ չի իրականացնում հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքն այդ երկրին փոխանցելու հարցով։

ՌԴ ԱԳՆ-ի ներկայացրած տեսակետի համաձայն՝ արևմտյան կողմը, հնարավոր է, պահանջում է Հայաստանի տրանսպորտային համակարգից հեռացնել «ռուսական գործոնը»։ Միաժամանակ, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն ավելի վաղ հայտարարել է, որ Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել «Հարավկովկասյան երկաթուղու» հետ գործող կոնցեսիոն համաձայնագիրը դադարեցնելու վերաբերյալ։

Leave a comment