Միշտ չէ, որ պարանոցի և ուսի հատվածի ցավերը կապված են ողնաշարի խնդիրների հետ․ ինչ է պետք իմանալ

Միշտ չէ, որ պարանոցի և ուսի հատվածի ցավերը կապված են բացառապես ողնաշարի խնդիրների հետ, ասել է պրոֆեսոր և օրթոպեդ-ստոմատոլոգ Սամվել Ապրեսյանը «Գազետա»-ին։

Մասնագետի խոսքով՝ ատամների սխալ դասավորվածությունը կամ կծվածքի (ատամնաշարերի փակման) խանգարումը կարող են մեծացնել պարանոցի մկանների ծանրաբեռնվածությունը։

«Տարիքի հետ ատամներն աստիճանաբար մաշվում են, իսկ ատամի կորուստը և դրան հաջորդող պրոթեզավորումը փոխում են ծամելու սովորական կենսամեխանիկան։ Որոշ պացիենտների մոտ դա հանգեցնում է ծամող մկանների գերծանրաբեռնվածության և լրացուցիչ լարվածության՝ պարանոցի ու ուսի հատվածում»,- պարզաբանել է Ապրեսյանը։

Կծվածքի խանգարումները կամ ստորին ծնոտի հոդի դիսֆունկցիան նույնպես կարող են գլխացավերի և ուսի հատվածում անհարմարության պատճառ դառնալ։ Այդ անհարմարությունը մեղմելու համար մարդը կարող է ենթագիտակցորեն փոխել գլխի դիրքը՝ դրանով իսկ վերաբաշխելով մկանների վրա ընկնող ծանրաբեռնվածությունը։

Այնուամենայնիվ, չպետք է ենթադրել, որ ատամնաբուժական խնդիրները մեջքի «բոլոր» ցավերի պատճառն են։ Նախընտրելի է նախ խորհրդակցել ընդհանուր պրակտիկայի բժշկի հետ, ով անհրաժեշտության դեպքում բուժառուին կուղղորդի օրթոպեդի կամ նյարդաբանի մոտ։ Ստոմատոլոգին այցելելը նույնպես խորհուրդ է տրվում, եթե պարանոցի ցավերն ուղեկցվում են ծնոտի ճտճտոցով, հաճախակի գլխացավերով կամ գիշերային ժամերին ատամների կրճտոցով։

Leave a comment