Reuters լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ամերիկյան Goldman Sachs բանկը, չնայած նավթի գների վերջին աճին, գրեթե չի վերանայել կարճաժամկետ կանխատեսումը։ Բանկի բազային սցենարը շարունակում է ենթադրել Մերձավոր Արևելքից մատակարարումների վերականգնում և նավթի գների հետագա նվազում՝ ներկայիս առավելագույն մակարդակներից նախ մինչև մեկ բարելի դիմաց 90 դոլար, ապա՝ մինչև 80 դոլար՝ Brent տեսակի նավթի համար։
Հաղորդագրության մեջ նշվում է՝ Goldman Sachs-ը 2026 թվականի դեկտեմբերի համար Brent տեսակի նավթի գնի կանխատեսումը բարձրացրել է մեկ բարելի դիմաց 85 դոլարից մինչև 90 դոլար՝ վկայակոչելով առաջարկի հետ կապված ռիսկերի պահպանումը, որոնք կարճաժամկետ հեռանկարում կարող են հանգեցնել նավթի շուկայում հավելավճարների աճի։
Միևնույն ժամանակ, ներկայումս Brent տեսակի նավթի գինը գերազանցում է մեկ բարելի դիմաց 100 դոլարը։
«Մենք շարունակում ենք հավատարիմ մնալ մեր բազային սցենարին, ըստ որի՝ Մերձավոր Արևելքում մատակարարումների շարունակվող հարմարեցումն ի վերջո կհանգեցնի նավթի գների նվազմանը, մինչդեռ հնարավոր էսկալացիան շարունակում է զգալի ռիսկ ներկայացնել գների աճի համար», – Reuters-ը մեջբերում է բանկի վերլուծաբանների գնահատականը:
Այդ պատճառով ամերիկյան բանկի վերլուծաբանները նաև անփոփոխ են թողել հաջորդ տարվա համար Brent տեսակի նավթի միջին գնի կանխատեսումը՝ մեկ բարելի դիմաց 80 դոլարի մակարդակում:
Բացի այդ, հրապարակման մեջ նշվում է, որ WTI տեսակի նավթի միջին գինը դեկտեմբերին կանխատեսվում է մեկ բարելի դիմաց 81 դոլար, իսկ 2027 թվականին՝ 73 դոլար։