Հասարակություն
13.10.2026 | 18:53
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հոկտեմբերի 13-ին հերթական այցն են իրականացրել ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում` տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ:
«Դիտարկվել են նրանց իրավունքների ապահովման, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման և պատշաճ բժշկական հսկողության ապահովմանն առնչվող հարցերը:
Բարձրացված վերաբերելի հարցերը քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի և բժշկական անձնակազմի հետ։
Առանձնազրույցների բովանդակությունը և անձանց բժշկական գաղտնիք կազմող տեղեկությունները ենթակա չեն հրապարակման:
Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է և ՄԻՊ հաստատությունը հացադուլի վարման պետության պարտավորությունները մշտապես քննարկման առարկա է դարձնում` այդ հանգամանքը նկատի ունենալով, ազատությունից զրկված անձանց ներկայացվել են տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվելու հնարավոր բացասական հետևանքները նրանց առողջական վիճակի վրա:
Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:
Այցերի շրջանակում ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքները, ինչպես նաև վերհանված խնդիրները, մանրամասն վերլուծվում են, հասցեավորվում իրավասու պետական մարմիններին, իսկ համակարգային խնդիրների վերաբերյալ ներկայացվում են նաև համապատասխան առաջարկներ՝ ոլորտը բարելավելու նպատակով»,- ասվում է հաղորդագրությունում: