Մոտ 240 գիտնական բաց նամակով դիմել է Փաշինյանին՝ կոչ անելով վերանայել 2027-ի բյուջեով գիտության ֆինանսավորումը

Հայաստանի գիտական համայնքի մոտ 240 ներկայացուցիչ դիմել է իշխանություններին՝ կոչ անելով վերանայել 2027 թվականի բյուջեով գիտության ֆինանսավորումը և ապահովել ռազմավարական ծրագրերի շարունակականությունը։

Հայաստանի գիտական ոլորտի ներկայացուցիչները բաց նամակը հասցեագրել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին, կառավարության անդամներին, ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին և Ազգային ժողովի պատգամավորներին՝ բարձրաձայնելով գիտության ֆինանսավորման և ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ մտահոգությունները։

Նամակի հեղինակները դրական են գնահատել վերջին տարիներին գիտության պետական ֆինանսավորման ավելացումը, իրականացված բարեփոխումները, կառավարության 2026–2031 թվականների ծրագրի և Գիտության ոլորտի զարգացման 2026–2030 թվականների ռազմավարության ընդունումը։ Միաժամանակ նրանք ընդգծել են, որ 2027 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված հատկացումները բավարար չեն սահմանված նպատակներին հասնելու համար։

Գիտնականները հիշեցրել են, որ ռազմավարությամբ նախատեսվում է մինչև 2030 թվականը հետազոտությունների և մշակումների պետական ֆինանսավորումը հասցնել համախառն ներքին արդյունքի 0․75 տոկոսին։ Նախատեսվում է նաև հանրային հատվածում լրիվ աշխատաժամանակով զբաղված հետազոտողների թիվը ներկայիս 3012-ից հասցնել 6000-ի, ընդ որում՝ արդեն 2027 թվականին ապահովել 4000 հետազոտողի ներգրավվածություն։

Հեղինակների գնահատմամբ՝ գիտության ոլորտում իրականացված ներդրումների առաջին արդյունքներն արդեն նկատելի են գիտական հրապարակումների, նոր ենթակառուցվածքների ստեղծման և երիտասարդ հետազոտողների սերնդի ձևավորման տեսանկյունից։

Սակայն գիտական ներդրումների ամբողջական ազդեցությունը տնտեսության զարգացման և պետական կարիքների բավարարման վրա հնարավոր կլինի գնահատել տարիներ անց։ Առաջին խոշոր բազմամյա դրամաշնորհային ծրագրերն ավարտվում են միայն այս տարի, իսկ մյուսները դեռ ընթացքի մեջ են։ Հետևաբար, ըստ նամակագիրների, արդեն իրականացված ներդրումների արդյունավետությունը մեծապես կախված է առաջիկա տարիներին ֆինանսավորման կայունությունից և պետական քաղաքականության շարունակականությունից։

Առանձնահատուկ մտահոգություն է առաջացրել կառավարության կողմից հոկտեմբերի 1-ին հավանության արժանացած 2027 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով «Գիտատեխնոլոգիական գործունեություն» ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն ավելանում է մոտ 5 տոկոսով, մինչդեռ գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերին հատկացվող միջոցները պահպանվում են 2026 թվականի մակարդակում։

Գիտնականները նշել են, որ 2026 թվականին ֆինանսավորումն արդեն նվազել էր, ուստի անգամ նախատեսվող աճի դեպքում 2027 թվականի հատկացումները չեն հասնի 2025 թվականի 33․9 միլիարդ դրամի ցուցանիշին։ Ստացվում է, որ երեք տարվա ընթացքում գիտության ֆինանսավորման իրական աճ չի նախատեսվում։

Նամակի հեղինակները հարց են բարձրացրել, թե նման պայմաններում ինչպես է հնարավոր մինչև 2027 թվականը հետազոտողների թիվը հասցնել 4000-ի, ստեղծել նոր գիտական խմբեր և կազմակերպել դրամաշնորհային նոր մրցույթներ։

Նրանք հաշվարկել են, որ մինչև 2030 թվականը սահմանված նպատակին հասնելու համար գիտության ֆինանսավորումը պետք է առաջիկա տարիներին զգալի և հետևողական աճ արձանագրի։

Եթե 2027 թվականին հատկացումներն ավելանան ընդամենը 5 տոկոսով՝ անհրաժեշտ առնվազն 35 տոկոսի փոխարեն, ապա հաջորդ տարիներին պահանջվող տարեկան աճը կարող է հասնել մոտ 50 տոկոսի։

Գիտական համայնքի ներկայացուցիչները նաև հիշեցրել են, որ 2026 թվականի բյուջեի լրացուցիչ հավելվածով գիտահետազոտական ծրագրերի և սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված առնվազն 7 միլիարդ դրամը մինչ օրս չի տրամադրվել։

Նամակում անդրադարձ է կատարվել նաև գիտական դրամաշնորհների մի շարք մրցույթների ընթացքին։

Մասնավորապես, գնահատման գործընթացն ավարտվել է կամ ավարտական փուլում է «Դոկտորական հետազոտությունների աջակցության ծրագիր – 2026», «Հայաստանի Հանրապետության գիտական համայնքին արտերկրի գիտնականների ինտեգրում – 2026», «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր – 2026», «PostDoc-Armenia – 2026» և «Նպատակային ծրագրեր – 2027» մրցույթների համար։

Նշված նախաձեռնություններին ընդհանուր առմամբ ներկայացվել է ավելի քան 450 գիտական նախագիծ։

Թեև դրանց մեծ մասի մեկնարկը նախատեսված է եղել 2026 թվականին, մինչ այժմ հստակեցված չեն ֆինանսավորման չափերն ու ծրագրերի իրականացման ժամկետները։ Առավել մտահոգիչ է համարվել արտերկրից գիտական ներուժ ներգրավելու նպատակով նախատեսված երեք ծրագրերի իրավիճակը։

Այդ նախաձեռնություններին մասնակցելու հայտ են ներկայացրել արտասահմանում աշխատող ավելի քան 100 հետազոտողներ, որոնք ցանկություն են հայտնել հեռավար միանալ Հայաստանի գիտական համակարգին կամ իրենց մասնագիտական գործունեությունը շարունակել Հայաստանում։

Գիտնականները շեշտել են, որ մրցույթներին մասնակցելու համար սահմանված են եղել գիտական արդյունավետության և մասնագիտական որակավորման բարձր պահանջներ, ինչը հնարավորություն է տվել ներգրավել մրցունակ մասնագետների։ Սակայն ծրագրերի մեկնարկի նախապես սահմանված ժամկետներն արդեն անցել են, իսկ դրանց իրականացման և ֆինանսավորման վերաբերյալ հստակ տեղեկություններ դեռ չեն հրապարակվել։

Նամակագիրներն առանձնացրել են նաև դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորման անփոփոխ մնալու խնդիրը։

Նրանց ներկայացրած տվյալներով՝ 2025 թվականին այդ ուղղություններով հատկացված միջոցների կատարողականը գերազանցել է 95 տոկոսը, ինչը գնահատվել է որպես բարձր ցուցանիշ։ Նման միտում են արձանագրել նաև 2026 թվականի վերաբերյալ առկա տվյալները։

Միաժամանակ գիտնականները նշել են, որ գնաճի պայմաններում ֆինանսավորման նույն մակարդակի պահպանումն իրականում նշանակում է հատկացումների կրճատում։ Բացի այդ, նախատեսված գումարների զգալի մասն արդեն ուղղված է գործող բազմամյա ծրագրերի իրականացմանը։ Հետևաբար նոր մրցույթների ֆինանսավորումը հնարավոր կլինի ապահովել հիմնականում ավարտվող ծրագրերից ազատվող միջոցների հաշվին։

Նման իրավիճակում, ըստ գիտական համայնքի ներկայացուցիչների, լավագույն դեպքում հնարավոր կլինի պահպանել գործող հետազոտական խմբերի թիվը, մինչդեռ պետական ռազմավարությունը նախատեսում է դրանց ավելացում և երիտասարդ ու Հայաստան վերադարձող գիտնականների ներգրավում։

Գիտնականները զգուշացրել են, որ ֆինանսավորման վերաբերյալ որոշումները կարող են անմիջական ազդեցություն ունենալ նաև Ակադեմիական քաղաքի ծրագրի վրա, որի շինարարությունը նախատեսվում է սկսել 2027 թվականին։

Նամակի հեղինակների համոզմամբ՝ ծրագրի հաջողությունը կախված է ոչ միայն ժամանակակից շենքերի և ենթակառուցվածքների առկայությունից, այլև այնտեղ աշխատող գիտնականների ու դասախոսների մասնագիտական կարողություններից։

Այդ ներուժը ներկայում ձևավորվում է նոր հետազոտական խմբերի, երիտասարդ մասնագետների և արտերկրից ներգրավվող գիտնականների միջոցով։

Եթե գիտության զարգացումը դանդաղի, ապա Ակադեմիական քաղաքը կարող է ունենալ նոր ենթակառուցվածքներ, սակայն չունենալ բավարար թվով բարձր որակավորում ունեցող հետազոտողներ և դասախոսներ՝ դրանք լիարժեք օգտագործելու համար։

Նման պայմաններում բարձրագույն ուսումնական հաստատությունների համար նույնպես դժվար կլինի ապահովել ժամանակակից գիտահետազոտական հիմքի վրա կառուցված կրթություն։

Բաց նամակում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի՝ սեպտեմբերի 29-ին ներկայացրած հրաժարականին։

Հիշեցվել է, որ Հայոցյանն իր որոշումը բացատրել է «առկա միջավայրում» իրեն հասանելի գործիքներով բարեփոխումների համար անհրաժեշտ «տեմպը, հետևողականությունն ու պատասխանատվության մակարդակը» ապահովելու անհնարինությամբ։

Գիտական համայնքի ներկայացուցիչները նշել են, որ անկախ հրաժարականի իրական պատճառներից՝ ոլորտի ղեկավարության փոփոխության և 2027 թվականի բյուջետային որոշումների համընկնումը պահանջում է իշխանությունների ու գիտնականների միջև բաց և հստակ հաղորդակցություն։

Նրանք ընդգծել են, որ մտահոգությունները կապված չեն որևէ կոնկրետ պաշտոնյայի հետ, այլ վերաբերում են գիտության պետական քաղաքականության կանխատեսելիությանը, շարունակականությանը և ռազմավարական նպատակների իրագործմանը։

Հեղինակները նաև զգուշացրել են, որ Հայաստանի գիտական համակարգը դեռևս խոցելի է քաղաքականության կտրուկ փոփոխությունների և ֆինանսավորման անկայունության նկատմամբ։

Նրանց գնահատմամբ՝ չհիմնավորված որոշումները կարող են թուլացնել արդեն գործող հետազոտական խմբերը, նպաստել որակյալ մասնագետների արտագաղթին և բացասաբար ազդել միջազգային գիտական համագործակցության վրա։

Նամակում հատուկ ընդգծվել է, որ նման փոփոխությունները կարող են «նվազեցնել Հայաստանի գրավչությունն երիտասարդ և վերադարձող գիտնականների համար, խաթարել միջազգային գործընկերների վստահությունը և վնասել երկրի գիտական հեղինակությանը»։

Գիտնականները համոզմունք են հայտնել, որ կորցրած վստահության և վնասված հեղինակության վերականգնումը կարող է պահանջել անհամեմատ ավելի մեծ ժամանակ ու ֆինանսական միջոցներ, քան արդեն արձանագրված ձեռքբերումների պահպանումը։

Այդ պատճառով նրանք իշխանություններին կոչ են արել վերանայել 2027 թվականի պետական բյուջեի համապատասխան հատկացումները։

«Ուստի կոչ ենք անում Ձեզ 2027 թվականի պետական բյուջեում անհրաժեշտ չափով ավելացնել գիտական դրամաշնորհային և նպատակային ծրագրերի ֆինանսավորումը։ Միայն այդ դեպքում հնարավոր կլինի մեկնարկել արդեն գնահատված նախագծերը և շարունակել ընթացիկ բազմամյա ծրագրերը՝ առանց գիտնականների թիվը կրճատելու»,-ասվում է բաց նամակում:

Նամակի հեղինակները նաև ակնկալել են, որ կառավարությունը և գիտության ոլորտի քաղաքականության ու ֆինանսավորման համար պատասխանատու պետական կառույցները գիտական համայնքի հետ կսկսեն բաց և բովանդակային երկխոսություն։ Եթե նախատեսվում են փոփոխություններ, ապա դրանք, ըստ գիտնականների, պետք է նախապես ներկայացվեն հանրությանը՝ համապատասխան հիմնավորումներով և հնարավոր հետևանքների գնահատմամբ։

«Գիտության քաղաքականությունը կարող է վերանայվել, բայց յուրաքանչյուր փոփոխություն պետք է հիմնավորվի և քննարկվի գիտական համայնքի հետ։ Մեզանից շատերն իրենց կյանքի ու աշխատանքի կարևոր որոշումները կայացրել են՝ վստահելով այդ քաղաքականությանը։ Այսօրվա որոշումներից է կախված նաև, թե արդյոք երիտասարդ գիտնականներն ու արտերկրում աշխատող հայ և օտարերկրյա հետազոտողները կկապեն իրենց ապագան Հայաստանի հետ։

Մենք ցանկանում ենք մեր գիտելիքը, ժամանակը և ջանքերը շարունակել ներդնել Հայաստանում՝ մրցունակ գիտություն, գիտելիքահեն տնտեսություն և տեխնոլոգիապես ուժեղ երկիր կառուցելու համար, սակայն պետությունն ևս պետք է նույնքան հետևողական լինի իր հանձնառություններում։ Մրցունակ գիտությունը կառուցվում է միայն վստահության, շարունակականության և կանխատեսելիության վրա»,-ասվում է նամակի մեջ:

Leave a comment