Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատավարձը 2027 թվականին դրույքաչափով կդառնա գրեթե այնքան, որքան նա արդեն իսկ ստացել էր քաղաքապետարանից 2025 թվականին։
Երևանի ավագանին այսօր՝ հոկտեմբերի 13-ին ընդունեց քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պաշտոնյաների, համայնքային ծառայողների և մի շարք այլ աշխատակիցների պաշտոնային ամսական դրույքաչափերը հաստատելու նախագիծը։
Ըստ այդմ՝ պաշտոնային ամսական դրույքաչափը հաշվարկվելու է բազային աշխատավարձի և տվյալ պաշտոնի համար սահմանված գործակցի արտադրյալով։ Նախագծով ամենաբարձր՝ 25 գործակիցը սահմանվում է Երևանի քաղաքապետի պաշտոնի համար։ Բազային աշխատավարձի չափը, ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների, սահմանվում է յուրաքանչյուր տարվա Երևանի բյուջեով և տատանվում է նվազագույնի 80-ապատիկից մինչև 120-ապատիկ։ Նկատենք, որ ներկայում պետական ծառայողների բազային աշխատավարձը 83 հազար 200 դրամ է։ Թե ինչքան կսահմանվի Երևանի բյուջեում բազային աշխատավարձը, հայտնի կդառնա տարեվերջին, երբ փաստաթուղթն ընդունվի։ Եթե ընդունենք, որ 2027-ին բազային աշխատավարձի չափը չի փոխվելու, ապա Երևանի քաղաքապետի աշխատավարձը կդառնա ամսական 2 մլն 80 հազար դրամ։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2025-ի գույքի և եկամուտների հայտարարագրում Ավինյանը քաղաքապետարանից ստացած աշխատանքի վարձատրությունը 2 տողով է ներկայացրել՝ 29,212,204 դրամ և 1,936,152 դրամ։ Վերջինը, հնարավոր է առանձին որևէ ծախսի կամ գործուղումների փոխհատուցումն է։
Դիտարկենք 29,212,204 դրամ գումարը։ Ընդ որում՝ այս գումարը «մաքուրն» է, հարկերը հանված են։
2025-ին Ավինյանի ամսական աշխատավարձը եղել է 1 մլն 320 հազար դրամ, և քանի որ նա պաշտոնավարել է կլոր տարի, ստացվում է տարեկան աշխատավարձի գումարը կազմել է 15 մլն 840 հազար դրամ (1,320*12=15,840)։ Կոպիտ հաշվարկով ստացվում է, որ Տիգրան Ավինյանը 2025-ին ընդհանուր ստացել է մոտ 13․4 մլն դրամ պարգևավճար կամ այլ խրախուսում (ամսական կստացվի՝ (29,212-15,840)/12=1 մլն 114 հազար դրամ)։
Իսկ եթե 29 մլն 212 հազար դրամը բաժանենք 12-ի, ամսական եկամուտը կստացվի 2 մլն 434 հազար դրամ։ Այսինքն՝ միջինում նրա ամսական եկամուտը 2025-ին նույնիսկ ավելին է եղել, քան 2027-ին սպասվող աշխատավարձը։
Նկատենք, որ ավագանու որոշմամբ դրույքաչափերի փոփոխությունը չի չեղարկում պարգևավճարների համակարգը, չնայած պաշտոնյաները վստահեցնում են, թե պլանավորում են պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս։ Այսինքն՝ եթե հաշվարկենք 2025-ի թվերի տրամաբանությամբ, Տիգրան Ավինյանի 2027-ի հայտարարագրում քաղաքապետարանից նրա վարձատրության չափը հնարավոր է արտահայտվի 46 մլն դրամին մոտ թվով։ Սա այն դեպքում, եթե Ավինյանը շարունակի որպես Երևանի քաղաքապետ պաշտոնավարել նաև 2027-ին։
Գայանե Խաչատրյան