Բաքուն Էրդողանի կուսակցությանը հորդորել է դադարեցնել ճնշումը և չմիջամտել իր ներքին գործերին

Ադրբեջանի իշխող «Ենի Ադրբեջան» կուսակցությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ ի պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հնչեցրած հայտարարությունների։

Ադրբեջանական կուսակցությունը պնդել է, որ թուրքական լրատվամիջոցներում, այդ թվում՝ իշխանություններին մոտ կանգնած տեղեկատվական հարթակներում, պարբերաբար տարածվում են Ադրբեջանի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող և զրպարտչական տեղեկություններ։ Առանձնահատուկ դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ նման քարոզարշավին մասնակցում են նաև Թուրքիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ, գրում է Minval.az-ը:

«Ենի Ադրբեջանը» մերժել է Իսրայելի հետ հարաբերությունների պատճառով Բաքվին հասցեագրված մեղադրանքները։ Կուսակցությունը հիշեցրել է, որ Ադրբեջանը հետևողականորեն աջակցել է Պաղեստինին, տրամադրել մարդասիրական օգնություն և հավատարիմ է երկու պետությունների ստեղծման սկզբունքին՝ Արևելյան Երուսաղեմը դիտարկելով որպես Պաղեստինի մայրաքաղաք։

Հայտարարության մեջ նաև ընդգծվել է, որ Ադրբեջանը, Թուրքիայի նման, աշխարհիկ պետություն է, և դպրոցական համազգեստին ու կրոնական հագուստին վերաբերող հարցերը բացառապես երկրի ներքին քաղաքականության տիրույթում են։

Ադրբեջանի իշխող կուսակցությունը դատապարտել է նաև նախագահ Իլհամ Ալիևի հասցեին հնչած վիրավորական արտահայտությունները։ Միաժամանակ հիշեցվել է, որ «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը ենթադրում է երկու ինքնիշխան և անկախ պետությունների գոյություն, այլ ոչ թե մի երկրի իրավունքը՝ միջամտելու մյուսի ներքին գործերին։

«Ենի Ադրբեջան» կուսակցությունը Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կոչ է արել հրաժարվել նման քաղաքականությունից, հարգել Ադրբեջանի պետական ինքնիշխանությունը և զերծ մնալ այնպիսի քայլերից, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ Բաքվի ու Անկարայի հարաբերությունների վրա։

Ադրբեջանում դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումը բողոքի ցույցերի և ձերբակալությունների պատճառ է դարձել, իսկ Ադրբեջանի բնակիչները զանգվածաբար հայտնել են Ինստագրամի և Տիկտոկի հասանելիության խափանումների մասին՝ դրանք կապելով դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ ծավալվող բողոքների հետ։

Սեպտեմբերին Ադրբեջանի խորհրդարանի հանձնաժողովը Թուրքիային մեղադրել էր Բաքվի դեմ «հիբրիդային արշավ» իրականացնելու մեջ:

Leave a comment