ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում համավարակներին պատրաստվածության վերաբերյալ հռչակագիր է ընդունվել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է քաղաքական հռչակագիր՝ նվիրված համավարակների կանխարգելմանը, դրանց պատրաստվածությանը և արձագանքմանը։

Փաստաթուղթը պաշտպանել են 153 պետություններ, երեքը քվեարկել են դեմ, իսկ երկուսը՝ ձեռնպահ։

Սկզբնապես նախատեսվել էր հռչակագիրն ընդունել կոնսենսուսով Նյու Յորքում սեպտեմբերի 25-ին կայացած բարձր մակարդակի հանդիպման ընթացքում։ Սակայն Միացյալ Նահանգների կողմից ներկայացված առարկությունների պատճառով համաձայնություն ձեռք չէր բերվել, և փաստաթուղթը դրվել էր քվեարկության։

Հռչակագրում ընդգծվ է, որ չնայած COVID-19-ի համավարակից քաղած դասերին՝ աշխարհը դեռևս բավարար չափով պատրաստ չէ առողջապահության ոլորտում նոր գլոբալ սպառնալիքներին։ Պետությունները պարտավորվում են ամրապնդել վաղ նախազգուշացման համակարգերը, ընդլայնել պատվաստանյութերի, դեղամիջոցների և ախտորոշիչ միջոցների հասանելիությունը, խթանել միջազգային համագործակցությունը և ապահովել առողջապահության կայուն ֆինանսավորում։

Հատուկ ուշադրություն է դարձվում երկրների միջև առկա անհավասարությանը։ Փաստաթղթում նշված է, որ համավարակներին պատրաստվածության միջոցառումների համար տարեկան ֆինանսավորման պակասուրդը գնահատվում է 15 միլիարդ դոլար։

Սեպտեմբերյան հանդիպման մասնակիցներին ուղղված ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել էր, որ կորոնավիրուսի համավարակը մարդկությանը դաժան դաս է տվել. այսօրվա փոխկապակցված աշխարհում ոչ մի երկիր չի կարող միայնակ պաշտպանվել։ Նա կոչ էր արել ստեղծել համավարակներին հակազդելու միջազգային համակարգ՝ հիմնված արդարության, համերաշխության և ընդհանուր պատասխանատվության սկզբունքների վրա։

Leave a comment