ԲՀԿ․ Չկա որևէ իրավական հիմնավորում կամ պատճառ, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի գործով սպասվող դատաքննության վերաբերյալ՝ նշելով, որ չկա որևէ իրավական հիմնավորում կամ տրամաբանական պատճառ, որ վերջինս շարունակի մնալ կալանքի տակ:

Ըստ ԲՀԿ-ի՝ բոլորի համար արդեն պարզ է, որ այս քրեական գործում «իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է, և հենց նրա նկատմամբ է խարդախություն կատարվել»։

«Սակայն հայկական արդարադատությունը, ցավոք, ունի իր առանձնահատկությունները։

Ամեն ինչ սկսվեց Ծառուկյանի և նրա մերձավորների հասցեին հնչեցված սպառնալիքներից ու անձնական վիրավորանքներից, շարունակվեց կալանքով և կեղծ մեղադրանքի առաջադրմամբ։ Որպես հետևանք՝ անհավանական աճպարարությամբ Ծառուկյանը տուժողից վերածվեց մեղադրյալի։

Առանց որևէ պատճառաբանության՝ դադարեցվեց Ծառուկյանին պատկանող բազմաթիվ ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, հազարավոր մարդիկ մնացին անգործ և առանց ապրուստի միջոցների։

Վստահ ենք՝ արդարությունն ի վերջո հաղթելո՛ւ է։ Վստահ ենք նաև, որ Գագիկ Ծառուկյանը դեռ շատ կարևոր ու նշանակալի անելիքներ ունի մեր երկրի և ժողովրդի համար։

Այսօր նույնիսկ ԵԽԽՎ-ն է ընդունում, որ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական ուժի նկատմամբ անհերքելի անարդարություն է տեղի ունեցել, և Հայաստանում կիրառվել է ընտրողական արդարադատություն։ Որևէ բանական մարդու համար այլևս կասկած չկա, որ գործ ունենք բացահայտ քաղաքական հետապնդման հետ, ինչը նույնիսկ չեն փորձում քողարկել։

Չկա որևէ իրավական հիմնավորում կամ տրամաբանական պատճառ, որ Գագիկ Ծառուկյանը շարունակի մնալ կալանքի տակ։

Մենք կոչ ենք անում դատարանին՝ չմտնե՛լ իրավական նիհիլիզմի վտանգավոր տրամաբանության մեջ։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն աներկբայորեն իր առաջնորդի կողքի՛ն է։ Մեր պայքարը հանուն արդարության մեկ րոպե անգամ կանգ չի՛ առնելու, քանի դեռ Գագիկ Ծառուկյանն անազատության մեջ է, և նրա իրավունքները վերականգնված չեն։

Ազատությո՛ւն Գագիկ Ծառուկյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին, ազատությո՛ւն Բաքվում պահվող մեր հայրենակիցներին»,-ասվում է հայտարարության մեջ:

Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդի առանձնատանը, ինչպես նաև նրան ու նրա ընտանիքին պատկանող ավելի քան 70 ընկերություններում միաժամանակյա խուզարկություններ են իրականացրել։ Քննչական գործողությունները միայն ուշ երեկոյան ավարտելուց հետո Ծառուկյանը ձերբակալվել է: Ծառուկյանին մեղադրանքներ են առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման հոդվածներով։ Մասնավորապես, ըստ ՔԿ-ի, Ծառուկյանն իրանցի գործարարներից հափշտակել է ավելի քան 21 մլն դոլարին համարժեք՝ մոտ 8 մլրդ 127 մլն դրամ արժողությամբ գույք։ ԲՀԿ առաջնորդն ու նրա թիմն իրենց հերթին պնդել են, որ տեղի ունեցածը քաղաքական վրեժխնդրություն է։

Leave a comment