Բելառուսում ընթացող ռազմական ստուգումները չեն վկայում հարևան երկրների վրա հանրապետության կողմից սպասվող հարձակման մասին. այս մասին անվտանգության ոլորտի պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Լուկաշենկոն նշել է, որ օտարերկրյա լրատվամիջոցները ուշադրությամբ հետևում են բելառուսական զինուժի ստուգումներին։ «Նրանց հատկապես մտահոգում է այն փաստը, որ մենք շատ հաճախ, մանրակրկիտ և ինտենսիվ կերպով ստուգումներ ենք անցկացնում զորամասերում՝ ոչ միայն բանակում, այլև ամբողջ զինված ուժերում», – ասել է նա։
Նախագահը վերստին ընդգծել է, որ Մինսկը «պատրաստվում է պատերազմի, որպեսզի այն տեղի չունենա»։ «Մենք ոչ մեկի վրա հարձակվելու մտադրություն չունենք՝ ի հեճուկս մեր արևմտյան «բարեկամների» կողմից վերջերս սկսված մեդիաարշավի, որը պնդում է, թե Ռուսաստանը պատրաստվում է հարձակվել Մերձբալթյան երկրների և, հնարավոր է, Լեհաստանի վրա՝ Բելառուսի տարածքից և Բելառուսի հետ համատեղ», – շեշտել է Ալեքսանդր Լուկաշենկոն։