Գերմանիայում ձերբակալվել են Թուրքիայի երկու քաղաքացիներ՝ Լեհաստանում արբանյակային ինտերնետ տրամադրող Starlink օպերատորի կայանի հրկիզման գործով իրականացվող հետաքննության շրջանակում։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Տուսկը երկրի ամենամեծ՝ Մազովեցկի շրջանում, որի կենտրոնը Վարշավան է, Starlink-ի կայանի հրկիզումը որակել է որպես «հիբրիդային պատերազմի հերթական գործողություն»։ Նա հայտնել է, որ ենթադրյալ դիվերսանտներն այժմ կանգնելու են լեհական դատարանի առաջ։ Իր հերթին, Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին նշել է, որ կասկածյալներին մեղադրանքներ կառաջադրվեն օտարերկրյա պետության հանձնարարությամբ դիվերսիա իրականացնելու համար։
Միաժամանակ, Bild-ը և Schwäbische Zeitung-ը գրել են, որ Starlink-ի կայանի հրկիզման մեջ կասկածվող Թուրքիայի երկու քաղաքացիները՝ Մուսլիմ Թ.-ն և Ումիթ Ե.-ն, ձերբակալվել են Նյուրինգեն քաղաքում, որը գտնվում է Շտուտգարտից 30 կմ հարավ-արևելք՝ Բադեն-Վյուրթեմբերգ դաշնային երկրամասում։
Bild-ի հաղորդմամբ՝ հրդեհից տուժած կայանն ապահովում էր ինտերնետ հասանելիություն, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի համար։
«Ենթադրվում է, որ կատարվածի հետևում Ռուսաստանն է կանգնած»,- նշվում է հրապարակման մեջ։
Bild-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 12-ին գերմանական ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը ձերբակալել է նաև ենթադրյալ հանցակիցներից մեկին՝ Բեռլինի Շտակեն շրջանում։ Տղամարդու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան ենթարկվել է դատափորձագիտական փորձաքննության։
«Ենթադրաբար, ձերբակալվածը կատարել է դիվերսանտների վարորդի դերը»,- գրում է լրատվամիջոցը։
Վարշավայի մերձակայքում գտնվող Starlink-ի կայանը սեպտեմբերի 23-ին հրկիզման հետևանքով վնասվել է։ Հրդեհը տարածվել էր էլեկտրական ենթակայանի և գեներատորի վրա։ Bild-ի տվյալներով՝ կայանը կարճ ժամանակով դադարել էր աշխատել, սակայն հետագայում կրկին միացել էր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չեն եղել։
Հրդեհից անմիջապես հետո Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ տեղի ունեցածը դիվերսիայի փորձ է եղել։ Թեև առայժմ Ռուսաստանի՝ հրկիզմանը մասնակցության ուղղակի ապացույցներ չկան, «բազմաթիվ նշաններ վկայում են, որ տեղի ունեցածը համապատասխանում է հարձակումներ իրականացնելու՝ ռուսական նոր դոկտրինին»։ Այս մասին սեպտեմբերի 23-ին հայտարարել էր Լեհաստանի փոխվարչապետ Քշիշտոֆ Գավկովսկին։
2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր Լեհությունը հնարավոր դիվերսիաների նկատմամբ բարձր պատրաստվածության վիճակում է։ Ռուսաստանը բազմիցս հերքել է նման գործողություններին իր մասնակցությունը։ Միաժամանակ, վերջին ամիսներին Եվրոպայում արձանագրվել է դիվերսիաների լայնածավալ ալիք, որը եվրոպական բազմաթիվ երկրների իշխանությունները կապում են Մոսկվայի հետ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի