Հասարակություն
13.10.2026 | 13:16
«Լիդիան Արմենիա» ընկերությունում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Գնել Սանոսյանը 2025-ին ընկերությունից ստացել է 35․1 մլն դրամ եկամուտ։ Այս գումարը, ըստ էության, 4 ամսվա աշխատավարձ է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, Գնել Սանոսյանին Ամուլսարի հանքավայրը շահագործող ընկերությունում կառավարության ներկայացուցիչ է նշանակել անցած տարվա սեպտեմբերին։ Մինչ այդ՝ 2021-2024 թվականներին, Սանոսյանը զբաղեցրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը։
Նախկին պետական պաշտոնյան 2025 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիր է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։
Ըստ այդմ՝ Սանոսյանի եկամուտն անցած տարի ընդհանուր կազմել է 66․6 մլն դրամ։ Բացի այդ 35․1 մլն-ից նա աշխատավարձ է ստացել Երևանի պետական համալսարանից՝ 152 հազար դրամ, հիփոթեքային վարկի գծով եկամտային հարկի վերադարձ ՊԵԿ-ից՝ 1․2 մլն դրամ, իր եղբայրներից՝ Վահան և Վարդան Սանոսյաններից ստացել է 2․3 մլն ռուբլի, և նվիրատվություններ ընկերներից ու հարազատներից՝ 28․8 հազար դոլար, 12․3 հազար եվրո ու մոտ 2․5 մլն դրամ։ Այս նվիրատվությունները, ըստ ամենայնի, Սանոսյանի որդու ծննդյան կապակցությամբ է։
Սանոսյանը «Միկշին» ընկերությունից բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել մոտ 45․9 մլն դրամով, իսկ 2025-ի տարեվերջի դրությամբ նրա հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը 39․8 մլն դրամ է եղել։
Սանոսյանը հայտարարագրել է կանխիկ միջոցներ՝ 12․3 հազար եվրո, 28․8 հազար դոլար, 3․7 մլն ռուբլի և 18․9 մլն դրամ։ Նրա բանկային հաշվին տարեվերջին եղել է 4․6 մլն դրամ։
Սանոսյանն ունի 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Բնակվում է Երևանի Նոր նորք թաղամասի բնակարանում, որն իրեն չի պատկանում։ Նա որևէ անշարժ գույք չի հայտարարագրել։
Գայանե Խաչատրյան