Amazon-ը կարող է ձեռք բերել արհեստական բանականության ոլորտում ծրագրային լուծումներ մշակող Decart ընկերությունը։ The Wall Street Journal-ը, հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրներին, հայտնում է, որ գործարքի արժեքը գնահատվում է շուրջ 7 միլիարդ դոլար։
Decart-ի գլխամասային գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում։ Ստարտափը մշակում է ծրագրային ապահովում, որը հեշտացնում է տարբեր արհեստական բանականության չիպերի միջև անցումը։ Պարբերականի նշմամբ՝ նման գործիքների պահանջարկն աճում է, քանի որ ընկերությունները ձգտում են ընդլայնել սեփական հաշվողական հզորությունները։
WSJ-ի աղբյուրների պնդմամբ՝ համաձայնությունը կարող է ձեռք բերվել մոտ ապագայում, եթե բանակցությունները չընդհատվեն, և ակտիվի ձեռքբերմամբ հետաքրքրված այլ հավակնորդ չհայտնվի։
Decart-ը հիմնադրվել է 2023 թվականին իսրայելցի երեք ինժեներների՝ Դին և Օրիան Լեյթերսդորֆ եղբայրների ու Մոշե Շալևի կողմից։ Ի թիվս այլ նախագծերի՝ ընկերությունն աշխատում է Lucy և Oasis աշխարհի մոդելների վրա, որոնք կարող են գեներացնել և մոդելավորել իրական աշխարհի եռաչափ միջավայրեր։
WSJ-ի վկայակոչած PitchBook ֆինանսական հարթակի տվյալների համաձայն՝ ստարտափին հաջողվել է ներգրավել ավելի քան 400 միլիոն դոլարի վենչուրային ներդրումներ Sequoia Capital-ից, Benchmark-ից և Radical Ventures-ից։ Մայիսին ընկերության գնահատված արժեքը մոտենում էր 4 միլիարդ դոլարին։
Հրապարակման համաձայն՝ Amazon-ը ստեղծել է սեփական Trainium3 արհեստական բանականության չիպը, որը մրցակցում է Nvidia-ի արտադրանքի հետ։ Վերջինս գերիշխող դիրք է զբաղեցնում արհեստական բանականության համակարգերի գրաֆիկական պրոցեսորների շուկայում։ WSJ-ն ավելի վաղ գրել էր, որ 2025 թվականին Amazon Web Services-ը Decart-ին տրամադրել է այդ չիպի նախնական հասանելիություն։ Դրան նախորդել էր ընկերության հետ հանդիպումը, որի ընթացքում Amazon-ի ներկայացուցիչները դրական էին գնահատել ստարտափի հիմնադիրներին։
Վերջին տարիներին Amazon-ի մյուս խոշոր ձեռքբերումներից է MGM կինոստուդիան, որն ընկերությունը գնել է 2022 թվականին՝ 6.5 միլիարդ դոլարով։ Իսկ այս տարվա սկզբին Amazon-ը հայտարարել է Starlink-ի մրցակից Globalstar-ը շուրջ 11 միլիարդ դոլարով ձեռք բերելու գործարքի մասին։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։