Օրենքով սահմանված ժամկետի խախտում, որպես կանոն, չենք ունենում, եթե եղել են, հատուկենտ են. Նելլի Դավթյանը՝ ԼՂ բնակիչների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

Օրենքով սահմանված ժամկետի խախտում, որպես կանոն, չենք ունենում, եթե եղել են, հատուկենտ են. Նելլի Դավթյանը՝ ԼՂ բնակիչների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու մասին

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Ղարաբաղից տեղահանվածներին առնչվող հարցերի վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ ԼՂ-ից տեղահանված բնակիչն առաջարկեց հստակ սահմանել ժամկետ, որի շրջանակում տեղահանվածները ՀՀ քաղաքացիություն կստանան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործընթացը երբեմն մինչև 8-9 ամիս ձգձգվում է։

ՆԳ փոխնախարարը պարզաբանեց՝ քաղաքացիություն ստանալու համար օրենսդրությամբ սահմանված են հստակ ժամկետներ, այն է՝ վարույթի մեկնարկից հետո 90 աշխատանքային օր։

«Հնարավոր է՝ ունեցած լինենք եզակի դեպքեր, երբ ժամկետը գերազանցել ենք, բայց, կարծում եմ, խնդիրներ կան մինչև վարույթի նախապատրաստական աշխատանքի հետ կապված փուլում, այսինքն՝ այն փաստաթղթերը, այն իրավական հիմքերը, այն տվյալները, որոնք անհրաժեշտ են, որպեսզի քաղաքացիության վարույթը մեկնարկի ընդհանրապես:

Կարևոր հանգամանք է ծննդյան վկայականների վերականգնման հետ կապված հարցը, որովհետև շատ օբյեկտիվ է, որ եթե չկա ծննդյան վկայական, չկա քաղաքացիության գործ»,- ասաց նա:

Ըստ փոխնախարարի՝ հաճախ անհրաժեշտություն է լինում վերականգնել այդ փաստաթղթերը, և որպեսզի դատական գործընթաց չլինի և ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը չձգձգվի, որոշվել է՝ նոտարական կարգով հաստատում իրականացնել։

ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը ևս պարզաբանեց՝ առհասարակ մոտ 50 հազար դիմումի հետ են գործ ունեցել, իսկ ուշացումները տասնյակների շրջանակում են։

Նա նաև տեղեկացրեց, որ հունվարի 1-ից գործընթացն էլեկտրոնային հարթություն է տեղափոխվել, և այդ հարթակում են տեղի ունենում շտկումները։ Երբ գործը վերբեռնում են համակարգ, տպավորություն է, որ 90-օրյա ժամկետը մեկնարկում է, բայց գործը մեկնարկում է այն պահին, երբ շահառուն ներկայացնում է բնօրինակ փաստաթղթերը, և որոշվում է՝ ամեն ինչ կարգին է։ Մնացած գործողությունները նախավարույթի փուլում են կատարվում։

«Օրենքով սահմանված ժամկետի խախտում, որպես կանոն, չենք ունենում, եթե եղել են, դրանք, հավաստիացնում եմ, հատուկենտ են»,- ասաց նա։

Նելլի Դավթյանը նաև տեղեկացրեց, որ բազմաթիվ դիմումներ կան, որոնցով առաջարկվում է սերտիֆիկատ ստանալու գործընթացն արագացնել, և պատկան մարմիններն ընդառաջում են։

Leave a comment