ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար

Եվրամիությունը Երևանում նախանշվածՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովում (COP17) կոչ կանի արագացնել բնության պահպանության միջազգային հանձնառությունների իրականացումը և ավելացնել պետական ու մասնավոր ֆինանսավորումը։

Այսօր ԵՄ շրջակա միջավայրի խորհուրդը հավանություն է տվել ՄԱԿ-ի՝ կլիմայի փոփոխության COP31 և կենսաբազմազանության COP17 համաժողովների համար Միության հիմնական բանակցային դիրքորոշումները սահմանող եզրակացություններին։

Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը Երևանում կանցկացվի հոկտեմբերի 19-30-ը։ Երկու տարին մեկ անցկացվող համաժողովում առաջին անգամ գլոբալ մակարդակով կգնահատվի Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ուղղությամբ համատեղ առաջընթացը։ Շրջանակը ներառում է մինչև 2030 թվականը սահմանված 23 թիրախ՝ ուղղված կենսաբազմազանության կորստի կասեցմանը։

ԵՄ-ն COP17-ում կպնդի, որ կենսաբազմազանության պաշտպանության շուրջ արդեն համաձայնեցված հավակնությունների մակարդակը չնվազեցվի։

«Մի ժամանակաշրջանում, երբ թե՛ բազմակողմ համագործակցությունը, թե՛ բնության պահպանությունը փորձության են ենթարկվում, ԵՄ-ն շարունակում է հաստատակամորեն հավատարիմ մնալ COP17-ում կենսաբազմազանության համար դրական արդյունքների հասնելուն։ Կենսաբազմազանության գլոբալ շրջանակով համաձայնեցված հավակնությունների մակարդակը չի կարող նվազեցվել»,- հայտարարեց ԵՄ Խորհրդում նախագահող երկրի՝ Իռլանդիայի բնության, ժառանգության և կենսաբազմազանության հարցերով պետնախարար Քրիստոֆեր Օ’Սալիվանը։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը կոչ կանի արագացնել համաշխարհային գործողությունները և բնության պահպանությանն ուղղված ջանքերը՝ ընդգրկելով տնտեսության ու հասարակության բոլոր ոլորտները։

ԵՄ բանակցային դիրքորոշմամբ՝ կենսաբազմազանության պահպանությունը պետք է ներառվի բոլոր կանոնակարգերում և ոլորտներում՝ հիմնվելով հավաստի գիտական տվյալների վրա։

ԵՄ Խորհուրդը կլիմայի փոփոխությունն ու կենսաբազմազանության կորուստը դիտարկում է որպես փոխկապակցված ճգնաժամեր և շեշտում Փարիզյան համաձայնագրի ու Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման արագացման անհրաժեշտությունը։ Առաջիկա երկու համաժողովներում (COP17 ու COP31) Միության հիմնական շեշտադրումը լինելու է ստանձնած պարտավորությունները կոնկրետ գործողությունների վերածելը՝ ՄԱԿ-ի շրջանակում համագործակցության միջոցով։

Կլիմայի փոփոխության COP31 համաժողովը կանցկացվի Թուրքիայի Անթալիա քաղաքում՝ նոյեմբերի 9-20-ը։ Այնտեղ ԵՄ-ն կպնդի Փարիզյան համաձայնագրի շրջանակում ազգային կլիմայական ծրագրերի արդյունավետ իրականացման, հանածո վառելիքից հեռացման և մաքուր էներգիայի անցման արագացման անհրաժեշտությունը։

Ընդունելով, որ գլոբալ տաքացման 1,5°C շեմը, հավանաբար, կգերազանցվի, ԵՄ նախարարները կոչ են արել սահմանափակել տաքացման յուրաքանչյուր լրացուցիչ աճ և առկա լավագույն գիտական տվյալների հիման վրա վերադառնալ այդ շեմին համապատասխանող հետագծին։

Կարինե Ասատրյան

Բրյուսել

 

 

Leave a comment