Հասարակություն
12.10.2026 | 18:32
Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը՝ անվավեր ճանաչելով Լոռու մարզի Օձուն բնակավայրում գտնվող նախկին մանկապարտեզի շենքի և հողատարածքի՝ 2017 թվականին կնքված առուվաճառքի պայմանագիրը։ Դատախազության հաղորդմամբ՝ անվավեր է ճանաչվել նաև գույքի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Շուրջ 1,9 մլն դրամ կադաստրային արժեքով գույքը վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո կվերադարձվի Ալավերդի համայնքին։
Գլխավոր դատախազության հաղորդագրությունը՝ ստորև․
«Գլխավոր դատախազությունը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Լոռու մարզի Ալավերդի համայնքի և ֆիզիկական անձի՝ 2017 թվականի փետրվարի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հոկտեմբերի 6-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը. անվավեր է ճանաչվել Լոռու մարզի Ալավերդի համայնքի Օձուն բնակավայրում գտնվող՝ 784,6 քմ մակերեսով մանկապարտեզի շենքով զբաղեցված հողատարածքի, 57.3 քմ մակերեսով շինության, 26.52 քմ և 12.77 քմ մակերեսով պարիսպների վերաբերյալ 2017 թվականի փետրվարի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրը: Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև վերոնշյալ գույքերի նկատմամբ ֆիզիկական անձի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Գույքերի կադաստրային արժեքը 1 միլիոն 888 հազար դրամ է:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Լոռու մարզի Ալավերդի համայնքին կվերադարձվի Օձուն բնակավայրում գտնվող նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը»: