gg-ն եղել է հայի կողքին, այժմ էլ պատրաստ է լրացնել պահանջարկն ամբողջությամբ․ տնօրեն

Մենք պատրաստ ենք սպասարկել մեր ազգաբնակչությանը այն ծավալով որն անհրաժեշտ կլինի, հզորությունները մեծացվում են. Yerkir.am-ի հարցին՝ կկարողանա՞, արդյոք, տաքսի ծառայություն մատուցող հայկական խոշորագույն gg  ընկերությունը լրացնել այն պահանջարկը, որն առաջացել է օրերս, պատասխանեց ընկերության հիմնադիր-տնօրեն Խաչատուր Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-ին Հայաստանում խափանումներ էին արձանագրվել Yandex Go տաքսի ծառայության աշխատանքում, իսկ gg ծառայությունը բախվել էր համակարգի գերծանրաբեռնվածության։

Yandex Go-ի խափանման պատճառը Ռուսաստանում՝ Վլադիմիրի մարզում, ընկերության տվյալների կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումն էր, որի հետևանքով կենտրոնն ամբողջությամբ դադարեցրել էր աշխատանքը։

Խափանումներն անդրադարձել են նաև Հայաստանի հաճախորդների վրա․ քաղաքացիները չէին կարողանում տաքսի պատվիրել, օգտվել քարտեզներից և ստուգել հասարակական տրանսպորտի ժամանման գրաֆիկը։

Միաժամանակ Yandex Go-ի անհասանելիության հետևանքով կտրուկ աճել էր gg ծառայության պահանջարկը։ Ընկերության տնօրեն Խաչատուր Գրիգորյանի խոսքով՝ պատվերների քանակը զգալիորեն գերազանցել է հասանելի մեքենաների թիվը, ինչն առաջացրել է սերվերների գերծանրաբեռնվածություն և ուղևորափոխադրումների սակագների բարձրացում։

«Հուսով ենք մրցակցի մոտ ամեն ինչ լավ կլինի»,- նշեց Խաչատուր Գրգորյանը՝ հավելելով, որ «Ջիջին» հայ ազգի կողքին է արդեն 12 տարուց ավելի:

««Ջիջին» եղել է հայի կողքին Արցախում պատերազմից առաջ և հետո բլոկադայի ամբողջ ընթացքում. երբ այլ ընկերություններ դադարեցրել են իրենց գործունեությունն Արցախում, «Ջիջին», հակառակը, նոր գրասենյակ է բացել և էապես մեծացրել է իր թիմն Ստեփանակերտ քաղաքում: «Ջիջին» ոլորտի առաջատարն է եղել և կլինի, նաև եղել է առաջինը Հայոց աշխարհում նմանատիպ ծառայություն մատուցողներից, շատ նորամուծություններ եղել են առաջինն աշխարհում: Այս պահին մենք ունենք գործընկեր վարորդների մեծ պահանջարկ և սիրով կսպասենք նրանց ք. Երևան,  Մամիկոնյանց փողոց, 44/4 շենք հասցեում»,- եզրափակեց ընկերության տնօրեն Խաչատուր Գրիգորյանը:

Leave a comment