Թուրքիայի Անթալիա նահանգի Իսպարտա-Անթալիա մայրուղու վրա զբոսաշրջային ավտոբուս է շրջվել. այս մասին հայտնում է «TRT Haber»-ը՝ վկայակոչելով Անթալիայի նահանգապետարանը։
Տրանսպորտային միջոցը Չերեքքյոյից (Թեքիրդաղ նահանգ) ուղևորվելիս է եղել դեպի Անթալիա և վթարի ենթարկվել նպատակակետին հասնելուց ընդամենը 25 կմ առաջ։
Ավտոբուսում եղել է 23 ուղևոր․ 17-ը վնասվածքներ են ստացել։ Դեպքի վայր են անհապաղ ուղարկվել հրշեջ, բժշկական և ոստիկանական խմբեր։ Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ. հաղորդվում է, որ նրանցից մեկի վիճակը ծանր է։
Ավտոբուսի վարորդի որդին Evrensel պարբերականին հայտնել է, որ վթարի պատճառը ճանապարհին թափված դիզելային վառելիքն է եղել։ Սայթաքուն մակերեսի պատճառով վարորդը կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսը կողաշրջվել և փակել է մայրուղին։