Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

12.10.2026 | 13:40

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից հակադարձեց ընդդիմության քննադատություններին՝ կապված COP17 գագաթնաժողովի կազմակերպման համար կատարված գնումների հետ։

Ալեքսանյանը հայտարարեց, որ ընդդիմադիրների քննադատությունը վերաբերում է ոչ թե բեյջի թելին կամ թերմոսին, այլ Հայաստանի պետականությանը։ Նրա խոսքով՝ ընդդիմությանը դուր չի գալիս այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես անկախ պետություն, կազմակերպում է խոշոր միջազգային միջոցառում։

Պատգամավորն ընդգծեց, որ գագաթնաժողովին աշխարհի 190 երկրից մասնակցելու է շուրջ 15,000 մարդ, այդ թվում՝ երկրների առաջնորդներ, կառավարության անդամներ և խորհրդարանականներ։ Ալեքսանյանի պնդմամբ՝ միջոցառման քաղաքական և տնտեսական էֆեկտը դժվար է գերագնահատել, քանի որ օրեր շարունակ համաշխարհային թոփ մեդիաներով ու հեռուստաընկերություններով հնչելու է Հայաստանի անունը։

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Լիանա Մանուկյանի բարձրացրած թերմոսների գների հարցին՝ Ալեքսանյանը նշեց, որ 4 հատ թերմոս գնելու և 15,000 հատ մեծաքանակ գնում իրականացնելու միջև առկա են գնագոյացման էական տարբերություններ։ Նրա խոսքով՝ միշտ չէ, որ մեկ հատը էժան վաճառող ընկերությունը կարող է 15,000 հատ ապահովել։ Ալեքսանյանը պնդեց, որ ընդդիմության ընկալմամբ Հայաստանը առավելագույնը կարող է կազմակերպել «Հայաստան-Կալուգա բիզնես ֆորում»․ «Ձեր պատկերացմամբ՝ ի՞նչ գործ ունի քոսոտ ծայրագավառը, իրեն դրել է պետության տեղ, այսպիսի միջոցառում է կազմակերպում»։

Եզրափակելով ելույթը՝ Վահագն Ալեքսանյանը հայտարարեց, որ ընդդիմությունը պարտվելու է նաև այս պայքարում, իսկ Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է մնալ աշխարհի քաղաքական քարտեզի վրա որպես անկախ պետություն և անցկացնել միջազգային խոշոր միջոցառումներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment