Երևանի քաղաքապետարանում հանդիպումը ոչինչ չտվեց․ կրպակատերերը որոշեցին դիմել կառավարություն

Բաժանորդագրվել

Կրպակատերերը պահանջում են, որ իրենց իրավական հիմք, պաշտոնական փաստաթուղթ փոխանցեն, ժամանակ տան՝ իրենց իրավունքներն օրինական կարգով պաշտպանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի – Sputnik․ Երևանի քաղաքապետարանում պնդել են՝ Շինարարների փողոցում գտնվող կրպակների քանդման բոլոր իրավական հիմքերը կան, թեպետ այդ հիմքերը կրպակատերերը դեռ չեն տեսել։ Քիչ առաջ ավարտվեց նրանց հանդիպումը քաղաքապետարանում՝ աշխատակազմի և քարտուղարության ղեկավարների հետ։

«Դեռևս հստակ բան չասեցին, ասեցին՝ կտեղեկացնենք։ Ասեցին՝ ձեր դիմումներն ու խնդրանքները տվեք առաջին պատուհան։ Մենք ասեցինք՝ ոչ մի տեղ չենք գնում։ Աշխատակազմի ղեկավարն ասեց՝ հանգիստ եղեք, ձեզ բոլոր իրավական հիմքերով կծանուցվի․․․»,- նշեցին կրպակատարերը։

Խնդրել են՝ իրավական հիմքերը փոխանցել և ժամանակ տալ ուսումնասիրության, իրենց իրավունքները պաշտպանելու, միգուցե նաև դատարան դիմելու համար։

Կրպակատերերից մեկն ասում է՝ քաղաքապետարանում զարմանք առաջացրեցին իր ներկայացրած փաստաթղթերը, ըստ որոնց՝ հողի վարձակալության իրավունքը երկարացվել է մինչև 2029թ․, ու դա արվել է ընդամենը 3 ամիս առաջ։

Քանի որ քաղաքապետարանում հանդիպումը, ըստ էության, ոչինչ չտվեց, կրպակատերերը որոշեցին իրենց բողոքի ակցիան շարունակել կառավարության մոտ։

Leave a comment