Արթուր Դանիելյան․ «Հրահանգում եմ» վախենալ ճորտ լինելուց (PAN.am)

Ֆեյսբուքյան հրապարակումների առնչությամբ երկամսյա կալանքի տակ գտնվող «Ադեկվատ» միաբանության հիմնադիր, հասարակական գործիչ Արթուր Դանիելյանը ՔԿՀ-ից ֆեյսբուքյան գրավոր ուղերձում ներկայացրել է դատարանում տեղի ունեցած քննարկման մանրամասները:

Քննիչը Դանիելյանին ասել է, որ նա իր «հրահանգով» պարտադրել է հանրությանը «չվախենալ»:

«Դատարանում ինձ կալանավորելու և տեսակցություններն արգելելու միջնորդությունը ներկայացնելիս քննիչը պնդեց, որ ես ունեմ ահռելի լսարան, և որ ձերբակալվելուց առաջ հանդգնել եմ «հրահանգ իջեցնել հանրությանը» (մեջբերում եմ բառացի):

Վերջինս նաև հավելեց, որ իմ «հրահանգով» ես պարտադրել եմ հանրությանը «չվախենալ»: Դատարանը փորձեց ինձանից ճշտել՝ արդյո՞ք ես զղջում եմ նման հանդուգն արարքի համար: Ենթադրում եմ՝ իմ պատասխանը դատավորին չբավարարեց, ինչի հետևանքով էլ նա որոշեց բավարարել ինձ կալանավորելու որոշումը:

Պետք է, սակայն, խոստովանեմ, որ իրականում իմ արարքի համար զղջացել եմ: Ընդ որում, զղջացել եմ գրեթե անմիջապես քննիչի միջնորդությունը լսելուն պես: Զղջացել եմ մինչև կալանավորումս, մինչև «Արմավիր» ՔԿՀ-ում հայտնվելս: Հետևաբար պետք է իջեցնեմ իմ հաջորդ «հրահանգը»:

«Հրահանգում եմ» վախենալ, ժողովուրդ ջան: Վախը շատ կարևոր է: Ոչնչից չեն վախենում միայն հիմարները: Վախեցե՜ք:

Վախեցեք, որ էս վիժվածքների լափած ամեն մի կոպեկի համար հաշիվը դուք և ձեր երեխեքն եք փակելու: Ես վախենում եմ: Գրեթե 44 օր հրետակոծության տակ եմ եղել, բայց չեմ վախեցել մահանալուց: 2018-ից սկսած 30 անգամ ձերբակալվել եմ, բայց երբեք չեմ վախեցել ազատազրկվելուց: Իսկ ճորտ լինելուց սարսափում եմ…

Ամփոփենք. տվյալ պահին ունեմ երկու «հրահանգ»՝

1.Չվախենալ վիժվածքներից

2.Վախենալ ճորտ լինելուց

Հարգանքներով՝ ձեր խոնարհ «հրահանգիչ»,-ասվում է գրառման մեջ:

Արթուր Դանիելյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա փաստաբանը հայտարարել է, որ որոշումը բողոքարկվելու է։Պաշտպանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ առավոտյան Դանիելյանին մեղադրանք է ներկայացվել մեկ հրապարակման առնչությամբ, իսկ արդեն երեկոյան նրան ևս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ վեց գրառման հիմքով։

Leave a comment