Փորձագետ, վերլուծաբան Ալեն Ղուլյանը Ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանում հիջաբի կրման փաստացի արգելքի պատճառով բարձրացած դժգոհությանն ու բողոքի ալիքին՝ ընդգծելով, որ դպրոցական համազգեստի շուրջ վեճն արդեն դուրս է գալիս կրթական համակարգի շրջանակներից։
Ղուլյանը, մասնավորապես, գրել է․
«Ադրբեջանում աճում է դժգոհությունը դպրոցներում հիջաբ կրելու փաստացի արգելքի պատճառով: Դպրոցական համազգեստի շուրջ վեճն արդեն դուրս է գալիս կրթական համակարգի շրջանակներից և վերածվում դավանանքի ազատության, քաղաքացիների իրավունքների և իշխանությունների քաղաքականության հարցի:
Լրատվամիջոցների հաղորդումների և սոցցանցերում տարածվող տեսանյութերի համաձայն՝ հիջաբով աշակերտուհիներին թույլ չեն տվել մասնակցել դասերին Սումգայիթում, Գյանջայում (Գանձակ) և Սաբիրաբադի շրջանում: Բաքվի թիվ 69 դպրոցում աշակերտները հրաժարվել են հաճախել դասերին՝ ի համերաշխություն իրենց համադասարանցիների: Հաղորդվում էր նաև Մասալիի շրջանի Մոլլաոբա գյուղում դասադուլի մասին: Խնդիրը հարվածել է նաև ուսուցիչներին, որոնց, ըստ տեղեկությունների, առաջարկել են հանել հիջաբը կամ ազատվել աշխատանքից:
Սոցցանցերում տարածվում են աշակերտների, ծնողների և հավատացյալների բողոքի բազմաթիվ տեսանյութեր: Հայտնվում են կադրեր բողոքի ակցիաներից, դպրոցներում բախումներից, պատերին և հանրային վայրերում հիջաբի սահմանափակումների դեմ գրառումներից: Դժգոհությունն արդեն դուրս է գալիս դպրոցական դասասենյակներից և տարածվում փողոցներում:
Ալիևի իշխանությունները փորձում են հիջաբի պատճառով առաջացած դժգոհությունը հանգեցնել Իրանի սադրանքներին: Վերահսկվող ՀԿ-ներն արդեն խոսում են տեղեկատվական հարձակումների և հասարակությունը ճոճելու փորձերի մասին:
Սրանք կադրեր են Ադրբեջանի դպրոցներից մեկից: Աշակերտները, բողոքելով տեղի ունեցածի դեմ, կոտրել են դուռը:
Ալիևը, կարծես, շուտով կարող է ներգրավել ներքին զորքերը, այդ թվում՝ թալիշաբնակ շրջաններում: Աշակերտներն արդեն մասնակցում են բողոքի ակցիաներին, բայց դա հազիվ թե կանգնեցնի իշխանություններին, եթե որոշեն ուժով ճնշել դժգոհությունը»։