Saudi Aramco-ն նոյեմբերին Եվրոպա կմատակարարի պատվիրված նավթի ամբողջ ծավալը

Սաուդյան Արաբիայի Saudi Aramco նավթային ընկերությունը նոյեմբերին Եվրոպա կմատակարարի պատվիրված նավթի ամբողջ ծավալը՝ երկրի ռազմավարական նշանակության «Արևելք–Արևմուտք» նավթամուղի վնասվածքների վերացումից հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Աղբյուրների տեղեկություններով՝ Saudi Aramco-ն եվրոպական նավթավերամշակման գործարանների ղեկավարություններին հայտնել է, որ նավթամուղի աշխատանքի վերականգնումից հետո ամբողջությամբ կկատարի նոյեմբերի համար ներկայացված պատվերները։ Առնվազն երեք եվրոպական նավթավերամշակման գործարան նոյեմբերին կստանա Սաուդյան Արաբիայի պետական ընկերությունից պատվիրված նավթի ամբողջ ծավալը։

Bloomberg-ը նշում է, որ Saudi Aramco-ի նավթամատակարարումների վերականգնումը կմեղմի իրավիճակը Եվրոպայում, որտեղ նախկինում ստիպված էին Սաուդյան Արաբիայից մատակարարվող նավթին այլընտրանքներ փնտրել։ Գործակալության տվյալներով՝ թագավորությունը սովորաբար Եվրոպա է արտահանում օրական 700–800 հազար բարել նավթ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հոկտեմբերին նավթ չի մատակարարի եվրոպական նավթավերամշակման գործարաններին։ Դրանից առաջ Սաուդյան Արաբիայի կարևորագույն «Արևելք–Արևմուտք» նավթամուղը ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակման, ինչի հետևանքով դրա աշխատանքը դադարեցվել էր։

Leave a comment