Նիկոլ Փաշինյանը կառավարության ներկայացուցիչների ուղեկցությամբ մասնակցել է Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման պաշտոնական մեկնարկին։ Միջոցառման ընթացքում նա հայտարարել է, թե ծրագիրը «կարևոր քայլ է» տնտեսության ու ներդրումային միջավայրի համար՝ վստահեցնելով, որ դրա արդյունքները պետք է արտացոլվեն քաղաքացիների բարեկեցության վրա։
Տարիներ շարունակ հանրային ու բնապահպանական լուրջ ընդդիմության արժանացած նախագծի վերաբացումը իշխանությունները փորձում են ներկայացնել որպես հանրային համաձայնության արդյունք։ Փաշինյանը պնդել է, թե տասնյակ քննարկումներ են անցկացվել մտահոգությունները փարատելու համար, իսկ կառավարության ստացած 12.5% բաժնեմասը որակել է որպես «հանրային մասնակցության» ձև։ Նրա պնդմամբ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեությունը պետք է արտահայտվի նոր աշխատատեղերով ու համայնքային աջակցությամբ, թեև նախագծի շուրջ բնապահպանական և սոցիալական մտահոգությունները շարունակում են բաց մնալ։