Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգը պարտադիր կդառնա հաջորդ տարի

Քաղաքականություն

13.02.2026 | 12:22

Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումների կատարելու վերաբերյալ նախագիծը։

Առաջարկվում է աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը 2027 թվականի հուլիսի 1-ից իրականացնել բացառապես թվային համակարգով: Բացի այդ, առաջարկվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող անձի հետ (որը փաստացի չի գտնվելու Հայաստանի Հանրապետությունում), այդ թվում 2027 թվականի հունվարի 1-ից հետո, աշխատանքային պայմանագիրը կնքվի թղթային եղանակով (այդ թվում՝ փոստային կամ էլեկտրոնային հաղորդակցությունն ապահովող կապի միջոցով)՝ հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող անձինք չեն կարող ստանալ էլեկտրոնային թվային ստորագրություն:

Միաժամանակ ժամկետի երկարաձգումը պայմանավորված է նաև նոր նույնականացման քարտերի ներդրման ծրագրով, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն կրկնակի դիմել նույնականացման քարտեր ստանալու համար:

Հիշեցնենք՝ դեռ նախորդ տարի ներդրվել է աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ, որով սահմանվել է, որ 2026 թ. հունվարի 1-ից՝ աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացվելու է բացառապես թվային համակարգով։ Ընդ որում, սահմանվել է, որ թվային համակարգում աշխատանքային պայմանագրերը կնքվում են կողմերի էլեկտրոնային թվային ստորագրությամբ։

Արտահերթ նիստ գումարելու անհրաժեշտությունը պայմանավորված է էլեկտրոնային թվային ստորագրության խնդիր ունեցող անձանց աշխատանքային հարաբերությունների ծագման անխափան ընթացքն ապահովելու հանգամանքով:

Նախագծի՝ երկրորդ ընթերցմամբ քննարկումը կկազմակերպվի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո՝ 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար կսահմանվի երեքական ժամ:

Leave a comment