Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի ու եվրոպական երկրների ներկայացուցիչների միջև կայացած բանակցությունները կառուցողական են եղել, հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆֆը։
«Այսօր Մայամիում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Եվրոպական հանձնաժողովի, Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները կառուցողական հանդիպում են անցկացրել։ Քննարկումները կենտրոնացած են եղել մինչև ձմռան գալուստը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի էսկալացիան նվազեցնելու և այն ավարտելու հնարավոր ուղիների, ինչպես նաև կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ջանքերի վրա»,- գրել է Վիտկոֆֆն X սոցիալական ցանցում։
Դիվանագետը պարզաբանել է, որ մասնակիցները քննարկել են մոտեցող ձմռանն առնչվող հարցեր, ինչպիսիք են հացահատիկի արտահանումը և էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը։ Բանակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Կիևին տրամադրվելիք անվտանգության հնարավոր երաշխիքներին։ «Մենք քննարկել ենք նաև երկարաժամկետ միջոցառումներ՝ ուղղված Ուկրաինայի և Եվրոպայի անվտանգության ապահովմանն ու ապագա հակամարտությունների կանխմանը»,- ընդգծել է նա։
Ըստ Թրամփի բանագնացի՝ պատվիրակությունները մտքեր են փոխանակել հակամարտությունից հետո Ուկրաինայի վերականգնման և Եվրոպական միությանը նրա անդամակցության հարցի շուրջ։