Վերաքննիչը մերժել է Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը (PAN.am)

ՀՀ Վերաքննիչ դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Այդ մասին «Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի» հերթական ասուլիսի ժամանակ ասել է մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Նախորդ օրը Վերաքննիչ դատարանը հերթական անգամ մերժել է խափանման միջոցը փոխելու միջնորդությունը։ Նախաքննությունն ավարտված է, դատաքննության փուլ է անցնում գործը, արդեն դատի օրը նշված է, այն կայանալու է հոկտեմբերի 15-ին, ժամը 14։00-ին»,– նշել է Տոնոյանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Նա հիշեցրել է, որ արդեն նախաքննության փուլը, առերեսումները և վկաների հարցաքննությունները տեղի են ունեցել՝ պնդելով, որ Ծառուկյանի` կալանքի տակ մնալու հիմքերը բացակայում են։

Հուլիսի 7-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, որոշում է կայացրել Գագիկ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու մասին։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար։

Ավելի վաղ Ծառուկյանի կալանքը երկարաձգվել էր 2 ամսով:

Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ իրավապահները ներխուժել են «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատուն, ինչպես նաև նրան պատկանող «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում գտնվող ձեռնարկություններ և խուզարկություններ են իրականացնում։ Ընկերությունների դռները կապարակնքվեցին, և աշխատանքը դադարեցվեց։ Ծառուկյանը հենց նույն օրը ձերբակալվեց, իսկ հաջորդ օրը կալանավորվեց:

Ըստ ՔԿ-ի՝ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Ծառուկյանի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Ըստ նախաքննական մարմնի, Ծառուկյանը կազմակերպել է այդ հանցավոր ճանապարհով ստացված գույքի և գումարների լվացումը՝ դրանք սեփական ընկերությունների օրինական շրջանառությանը միախառնելով։ Ինքը՝ գործարարը, մեղադրանքը չի ընդունում՝ այն որակելով կեղծիք։ Ծառուկյանի փաստաբանները ևս պնդում են, որ մեղադրանքն անհիմն է:

Leave a comment