ՍԴ-ն չի քննի կառավարության ծրագրի սահմանադրականությունը վիճարկող ընդդիմության դիմումը

Սահմանադրական դատարանը չի քննի կառավարության ծրագրի սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների դիմումը՝ «բավարար հիմնավորումների բացակայության պատճառով», հայտնում է Radar.am-ը:

Ընդդիմադիր պատգամավորները հակասահմանադրական են համարում կաթողիկոսի հեռացման հարցը կառավարության ծրագրում ներառելը։ Նրանք նաև պնդում են, որ կառավարության ծրագիրը հաստատվել է մինչև ԱԺ բոլոր մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը, ինչը, իրենց գնահատմամբ, ընթացակարգային խախտում է։

Սահմանադրական դատարանը նշել է, որ չի հիմնավորվել, թե օրակարգային հարցերի քննարկման հերթականության փոփոխությունը խոչընդոտել է պատգամավորների լիազորությունների իրականացմանը, խախտել է ԱԺ իրավազոր կազմի պահանջը կամ ազդել քվեարկության սահմանադրական իրավաչափության վրա։

Դատարանի գնահատմամբ՝ ներկայացված փաստարկները հիմնականում վերաբերում են խորհրդարանի ներքին աշխատանքների կազմակերպմանը, այլ ոչ թե սահմանադրական խախտմանը։

ՍԴ-ն նշել է, որ սահմանադրական արդարադատության դիմելու նպատակը պետք է լինի Սահմանադրության գերակայության ապահովումը, այլ ոչ թե պետական մարմինների գործունեության պարզապես քննադատությունը։

Leave a comment