ՇՄ նախարարի տեղակալը և ՄԹ դեսպանը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդիպել է ՀՀ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել Միացյալ Թագավորության դեսպանին հանդիպման և բնապահպանական համագործակցության ամրապնդման նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար՝ կարևորելով Միացյալ Թագավորության աջակցությունը շրջակա միջավայրի պահպանության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանության ոլորտներում։
Անդրադարձ է կատարվել Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներին, որի նախագահող և հյուրընկալող երկիրը Հայաստանն է։
Կարևորվել է բրիտանական կողմի քաղաքական և տեխնիկական աջակցության շարունակականությունը, ինչպես նաև համաժողովի շրջանակում համագործակցության ընդլայնումը։
Քննարկման առանցքային թեմաներից էր Կունմինգ-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման ուղղությամբ հավաքական առաջընթացի առաջին գլոբալ վերանայումը։ Նշվել է գործընթացի ներառական, թափանցիկ և գործողությունների վրա հիմնված կազմակերպման, ինչպես նաև ստանձնած պարտավորությունների արդյունավետ իրականացման կարևորությունը։
Ներկայացվել են COP17-ի նախագահության ներքո մշակվող նախաձեռնությունները, որոնք ուղղված են կենսաբազմազանության մշտադիտարկման տեխնոլոգիական հնարավորությունների զարգացմանը, պահպանվող տարածքներից դուրս կենսաբազմազանության պահպանության արդյունավետ մեխանիզմների խթանմանը, կենսաբազմազանությանն ուղղված դրական խթանների ընդլայնմանը, ինչպես նաև լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանությանն ու վերականգնմանը։
Կողմերը կարևորել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև սերտ համագործակցության շարունակականությունը՝ կենսաբազմազանության գլոբալ նպատակների իրականացմանն աջակցելու և COP17-ի շրջանակում շոշափելի արդյունքներ ապահովելու ուղղությամբ։