ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում

ԱՄՆ բանակի նախկին մայոր Նիդալ Մալիք Հասանի մահապատիժը, որը 2009 թվականին Ֆորտ Հուդ ռազմաբազայում սպանել էր 13 մարդու, կհեռարձակվի ուղիղ եթերում։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Պենտագոնի ներկայացուցչին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Գնդակահարության միջոցով մահապատիժը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ Թեխաս նահանգի Ֆորտ Հուդ ռազմաբազայում։ Reuters-ը նշում է, որ 1945 թվականից ի վեր Հասանը կլինի առաջին դատապարտյալը, որին ԱՄՆ զինված ուժերը մահապատժի կենթարկեն գնդակահարության միջոցով։

«Իմ սրտով է այն մոտեցումը, որն ունեինք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։

56-ամյա Հասանին գնդակահարության միջոցով մահապատժի ենթարկելու առաջարկը ներկայացրել է հենց Հեգսեթը, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աջակցել է դրան։

Ըստ AFP-ի՝ Հեգսեթը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հասանին սպասում է «զինվորների կողմից գնդակահարություն, և մենք կապահովենք, որ մահապատիժը հրապարակային լինի, և մարդիկ կարողանան դա տեսնել»։

Ծագումով պաղեստինցի ԱՄՆ քաղաքացի Նիդալ Հասանը 2009 թվականի նոյեմբերի 5-ին «Ալլահ աքբար» գոչելով՝ կրակ է բացել Ֆորտ Հուդ ռազմաբազայում անզեն ծառայակիցների վրա, որոնք հավաքվել էին բուժզննում անցնելու համար։ Պատասխան կրակով Հասանը վիրավորվել էր, այդ ժամանակից նրա ոտքերը կաթվածահար են։ Ռազմական բժիշկն իր գործողությունները բացատրել է Աֆղանստանում մուսուլմաններին ամերիկացի զինվորներից պաշտպանելու ցանկությամբ։

2013 թվականին մայոր Հասանը մեղավոր է ճանաչվել իրեն առաջադրված մեղադրանքի բոլոր 32 կետերով։ Չորս ժամ տևած խորհրդակցությունից հետո ռազմական տրիբունալը միաձայն նրան դատապարտել է մահապատժի։ Դատարանը հիմնավորված է համարել այն փաստը, որ հանցագործությունը ներշնչված է եղել Ալ-Քաիդայի գաղափարախոսությամբ։

Նիդալ Հասանը վճիռը լսել է բացարձակ հանգստությամբ։ Դատավարության ընթացքում նա երբեք չի վիճարկել իր մեղավորությունը, հրաժարվել է փաստաբաններից և ինքն է պաշտպանել իրեն, թեև դատարանին չի ներկայացրել իր օգտին որևէ վկայի կամ ապացույց։ Օրենքի համաձայն՝ նրան հարկադրաբար նշանակված փաստաբանները կարծիք են հայտնել, որ Հասանը միտումնավոր ձգտել է հասնել մահապատժի դատավճռի։ Այդ ժամանակից ի վեր նա պահվում է Կանզաս նահանգի ռազմական բանտում։

2025 թվականի սկզբին Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալուց հետո ԱՄՆ-ում մահապատժի դատավճիռների իրականացված դեպքերի թիվը կտրուկ աճել է, գրում է AFP-ն։ Դատավճռի կատարման՝ գնդակահարության եղանակը թույլատրված է հինգ նահանգում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment